Armtimes-ը գրում է․
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջը սոցցանցի տիրույթից անհետացել է «Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության այն հայտարարությունից հետո, ըստ որի՝ կուսակցությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ԱԺ նախագահին՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու գործընթաց սկսելու հարցով։ Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է ջնջել իր էջը, սակայն պատգամավորն ասաց, որ ինքը չի ջնջել, այլ ինչ-որ մարդիկ կոտրել են այն․
«Իմ էջը ջնջել են ցածր մակարդակի ինչ-որ մարդիկ, որոնք իմ դեմ պայքարի այդ ձևն են ընտրել, ինչ-որ էժանագին լակոտներ։ Բայց դա ինձ չի խոչընդոտելու իմ կարծիքը արտահայտել», – ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ սա վերջին ամսվա ընթացքում իր ֆբ էջը կոտրելու երրորդ դեպքն է։
Մեր հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՔՈ կուսակցության հայտարարությունն ու դիմումի հիմքերը, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց, թե՝ «Քաղաքացու որոշումն» իրենից ինչ է ներկայացնում, որ նրանց դիմումը մեկնաբանի։ Մեր դիտարկմանը՝ ՔՈ-ն իրենից քաղաքական կուսակցություն է ներկայացնում, Պետրոսյանը պատասխանեց․
«Ամեն գրանցված կազմակերպություն կուսակցություն չի»։ Մեր մեկ այլ դիտարկմանը՝ ՔՈ-ն բոլոր նորմերով գրանցված և ԱԺ ընտրություններին մասնակցած քաղաքական միավոր է, որը քաղաքական հայտարարություն և դիմում է ներկայացրել ԱԺ պատգամավորի վերաբերյալ, Գևորգ Պետրոսյանն ասաց՝ իրենք թող պարզաբանեն իրենց դիմումը, իրավասու մարմիններն էլ ճշտեն հիմքերը։
Հիշեցնենք՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանինւ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։
ՔՈ-ն դիմումին կցել է երկու տեսանյութ, որտեղ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասում է, որ իր գործը թողել է ներդրողների հետ, գանցել իր կառավարիչներին ասել «ցեմենտը 10 հազար դրամով էժանացրեք, շահույթը թող քիչ լինի, մենք քայլ կատարենք», մեկ այլ տեսանյութում՝ պատասխանելով հարկային պարտավորությունների մասին հարցին, Ծառուկյանն ասել է՝ «Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, հիմա էլ ստուգվում ա, նայել են, չեն հավատացել, որ հնարավոր ա 3 մլն գազի գումար տալ, ես չեմ ասում՝ քանի գործարան կա, ով ոնց ա մուտք գործել, իմ հիմնարկի առաջ պատասխանատու եմ, թող գնան, նայեն՝ ինչքան գազ ենք ծախսել, ինչքան հոսանք ենք ծախսել»։
Ի դեպ՝ մեր տեղեկություններով՝ ԲՀԿ պատգամավորներին քաղաքական հրահանգ է տրվել՝ այս թեմայով քննարկումների դաշտ չմտնելու վերաբերյալ։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորները դեռևս դիրքորոշում չեն հայտնում «Քաղաքացու որոշում» կուսակցության՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու և նրա հանդեպ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ դիմումի առնչությամբ։
ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը մեր զրույցում ասաց, որ եթե դիմումի մեջ բավարար հիմքեր կան, ապա ԱԺ նախագահին դիմել պետք էր։
Մեր հարցին՝ Գորգիսյանի կարծիքով Ծառուկյանն ի վերջո կապ ունի՞ բիզնեսների հետ, պատգամավորը պատասխանեց, որ Գագիկ Ծառուկյանն, ամեն դեպքում գոնե «դե յուրե» խնդիր թողած չէր լինի։ Գորգիսյանը վերահաստատեց այն կարծիքը, որ, այնուամենայնիվ, բիզնեսը չպետք է խառնված լինի քաղաքականությանը, իսկ մնացած հարցերով պետք է զբաղվեն իրավապահները։