Ապրիլի 29-ին Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն նիստ է անցկացրել: Օրակարգում կար երկու հարց. ՄԻՊ գործունեության տարեկան զեկույցը և «Փաստաբանության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը:
Նիստի մեկնարկից առաջ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ երկրորդ հարցի շուրջ հարցեր են առաջացել:
«Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանն ասում է, որ ինքը՝ որպես հիմնական զեկուցող, լուրջ վերապահումներ ունի։ Ինձ համար անհասկանալի է, որ կառավարությունը քննարկել է, ու ընդամենը 7 րոպե առաջ նա զանգահարում է և ասում, որ նոր է նշանակվել հիմնական զեկուցող և խնդիրներ է տեսնում: Ինձ զանգահարում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ու ասում, որ այս տեսքով նախագիծը չպետք է ընդունվեր, կառավարության հետ կքննարկեն, և քանի որ չի լինելու երկրորդ նախագծի քննարկումը, կանոնակարգը ենթադրում է, որ նախագիծը հետաձգվում է երկու ամսով: Հույս ունենանք, որ կառավարությունը երկու ամսում նաև շահագրգիռ կողմերի, հանձնաժողովի, հարակից զեկուցողի հետ կքննարկի ու կբերի այնպիսի նախագիծ, որ հարակից զեկուցողը չասի, որ ունեն լրջագույն վերապահումներ իրենց իսկ նախագծի նկատմամբ», – ասել է Նաիրա Զոհրաբյանը: