fbpx
Խորհրդարան
12:00 13/12/2019

ԱԺ-ում հոտնկայս ծափահարեցին ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման համար

Միացյալ Նահանգները միացավ Ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Սենատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

«Երեկ ԱՄՆ Սենատում տեղի ունեցած պատմական քվեարկությամբ ԱՄՆ-ն ճանաչեց և դատապարտեց 20-րդ դարի ամենասոսկալի իրադարձություններից մեկի, ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործության, իրենց հայրենիքում մեկ ու կես միլիոն հայերի բնաջնջումը Օսմանյան կայսրության կողմից»,-ասաց նա:

ԱԺ նախագահը երեք խմբակցության անունից ողջունեց ԱՄՆ Սենատի, ինչպես նաև դրանից առաջ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բոլոր գործընկերների համապատասխանաբար թիվ 150 և 296 բանաձևերի միաձայն ընդունման կապակցությամբ: Նա փաստեց, որ այդ կարևոր քվեարկությամբ Միացյալ Նահանգները միացավ Ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը:

Արարատ Միրզոյանը առանձին երախտիքի խոսքեր հղեց ԱՄՆ-ում Հայ դատի գրասենյակին և ԱՄՆ-ում հայկական ասամբլեայի բոլոր ընկերներին, որոնք տարիներ շարունակ ջանքեր չեն խնայել այս կարևոր արձանագրմանը հասնելու համար:

«Որպես ՀՀ ԱԺ նախագահ՝ ուզում եմ ընդգծել նաև մեր հանձնառությունը ջանքեր չխնայել Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարացի հատուցման համար»,-ասաց նա:

ԱԺ անդամները հոտնկայս ծափահարեցին բանաձևի ընդունման համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ