fbpx
Խորհրդարան

ԱԺ-ում այսօր տեղի ունեցան «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում» թեմայով լսումներ

Հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացել են «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումներ: Մասնակցել են շուրջ 130 ներկայացուցիչներ կառավարությունից, դիվանագիտական կորպուսից, շահագրգիռ գերատեսչություններից, հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև «Եվրասիական փորձագիտական ակումբի» և ԱԺ մշտական հանձնաժողովին կից գործող Գիտափորձագիտական խորհրդի անդամներ: Լսումներին մասնակցել են բուհերի ռեկտորներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

Եվրասիական ինտեգրման արդի հիմնախնդիրներին անդրադառնալով՝ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը կարծիք է հայտնել, որ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի համար զարգացման ուղղություն է, բայց ոչ ի հաշիվ այլ ուղղությունների: Նրա խոսքով՝ առայժմ միասնական շուկաները չեն կայացել, կան ձևավորման պայմանավորվածություններ, բայց այդ գործընթացը կարող է իր տեմպերով ավելի արագ տեղի ունենալ: Պատգամավորն անդրադարձել է նաև էներգետիկ միասնական շուկայի հետ կապված առաջիկա անելիքներին:

Հանձնաժողովի նախագահը խոսել է ներդրումների և ֆինանսական միասնական շուկաների կարևորության մասին՝ անհրաժեշտ համարելով օրենսդրության բարեփոխումները: Արդյունավետ արդյունաբերական քաղաքականության իրականացման մասով նա հակադրվել է ԵԱՏՄ-ն միայն իրացման շուկա համարող տեսակետներին՝ նշելով, որ պետք է խնդիրը քննարկել և հասկանալ համատեղ գործարարությամբ զբաղվելու և մեր երկիր ներդրումներ ապահովելու հնարավորությունները:

Լոգիստիկ խնդիրներին անդրադառնալով՝ Միքայել Մելքումյանը կարծիք է հայտնել, որ պետք է այդ համակարգի ուղիներն արդյունավետ օգտագործել, այս հարցում ապահովել գործարար շրջանակների տեղեկացվածությունն ու ինտեգրումը:

Արձանագրելով, որ ԵԱՏՄ երկրներում օրենքների ներդաշնակեցումը դանդաղ է ընթանում և հաշվի առնելով, որ առաջիկայում ոչ ԱՊՀ անդամ որոշ երկրներ ևս կարող են համալրել ԵԱՏՄ-ն՝ հանձնաժողովի նախագահը կարևոր է համարել ԵԱՏՄ խորհրդարանական վերաժողով ձևավորելու գաղափարը: Նա կարծիք է հայտնել, որ մեր երկիրը պետք է նախաձեռնի այդ գործընթացը, ինչի առնչությամբ ինքն արդեն դիմել է ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին:

Բանախոսն անդրադարձել է նաև էլեկտրոնային մաքսազերծման ռեժիմների, տեխնիկական կանոնակարգերի և մտավոր սեփականության խնդիրներին:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն ապացուցել է իր կայացվածությունը, հիմնական տնտեսական ցուցանիշներում արձանագրվել է դրական դինամիկա, ԵԱՏՄ բազմաթիվ ուղղություններով կայացվել են կարևոր որոշումներ: Ըստ նախարարի՝ ԵԱՏՄ-ն թույլ է տալիս գործարարության զարգացման համար բարելավել տնտեսվարման պայմանները, ուժեցացնել համագործակցությունը գործընկերների հետ և ստեղծել նոր հնարավորություններ միության տնտեսական ներուժի իրացման համար:

Ներկայացնելով տնտեսական ցուցանիշները՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ 2018 թ. ԵԱՏՄ երկրներում գրանցվել է տնտեսական ցուցանիշների էական աճ. 2017-ի համեմատ ներքին առևտուրն աճել է 9.2 տոկոսով, երրորդ երկրների հետ՝ 18.8 տոկոսով, ապրանքների արտահանումը՝ 26.8 տոկոսով:

Ավելին՝ parliament.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ