Azat TV-ին Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ Սպարտակ Ավագյանից նամակ է ստացել Ակնաշեն գյուղում առկա կոռուպցիոն խնդիրների շուրջ։
Նամակը ներկայացնում ենք ստորև․
«Ես՝ Սպարտակ Ավագյանս, բնակվում եմ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում (նախկինում՝ Վերին Խաթունաղ), 1990 թ.-ին գյուղապետարանի հետ կնքել եմ պայմանագիր 30հա հողատարածքի մշակության համար մինչև 2042 թ.: Աճեցված բերքը տրվել է պետությանը, բանակին, ժողովրդին, ուղարկվել է Արցախ: 1992թ.-ին պատերազմի ծանր օրերին համաձայնություն եմ տվել 30հա հողատարածքից 20հա հանձնել համագյուղացիներին: 1997թ.-ին ֆինանսական ճգնաժամի պատճառով 5հա հատկացրել եմ Լյովա Վարդանյանին ենթավարձակալական հիմունքներով (սեփականատերը շարունակում եմ մնալ ես): 2003 թվականին 1 հա հողատարածք իմ համաձայնությամբ հատկացվել է որպես գերեզմանատեղ, գերեզմանոցի շարունակությամբ, որը այս պահին վաճառված է: 02.08.2021թ մնացած 9 հեկտարից 1.5հա առանց իմ իմացության և համաձայնության հատկացվել է ՀԷՑ-ին, որն էլ բարձր լարման հոսանքալարեր է անցկացրել ամբողջ տարարծքով մեկ: Նշեմ, որ հողատարածքը պետպահուստային ֆոնդի է և ոչ ոք իրավունք չունի ոտնձգություն կատարել այդ հողատարածքի վրա:
Պայմանագրերի օրինականությունը հիմնավորվել է 2001թ-ի վճռաբեկ դատարանի որոշմամբ: 2005թվ.-ին համայնքապետ ընտրված Միսակ Միսակյանը (այժմ գործող համայնքապետ) 2010թ.-ին առանց իմ իմացության վերոհիշյալ հողատարածքից, որը կոչվում էր «Բալահերի», 2.698 հա հողատարածք աճուրդային կարգով վաճառում է՝ Արտաշես Բաբախանյանին 2հա, Խաչատուր Բադալյանին 0.698 հա: Բազմաթիվ դիմումներ եմ ուղարկել տարբեր պետական կառույցներին, որոնք մնացել են անհետևանք:
2017թ.-ին հայցով դիմեցինք վարչական դատարան: 2019թ.-ին դատարանը հայցը բավարարեց՝ հողատարածքները վերադարձնելով մեզ: Պատասխանող կողմերի՝ նախկին գյուղապետ Միսակյանի և հողատարածքի գնորդների կողմից վերաքննիչ դատարան բողոք ներկայացվեց, որի առաջին լսումը կայացավ 16.02.2021, դրա հաջորդ օրը՝ 17.02.2021 գնորդը վերավաճառում է իր գնած 2հա 45 մլն դրամով, որը գնել էր 3 250 000 դրամով: 18.05.2021թ կայացավ հաջորդ լսումը, որից հետո՝ 27.05.2021թ մյուս գնորդը իր 1 115 000 դրամով գնած հողատարածքը վերավաճառում է 20 000 000 դրամով: Դիմեցի կադաստր դատական վեճի առարկա հանդիսացող և արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ անօրինականություն կատարելու մասով պարզաբանման համար: Ստացա պատասխան. նախկին գյուղապետ Միսակ Միսակյանը ավագանու նիստով 2010թ-ի սեպտեմբերին օտարում է 2հա հողատարածք, բեկանելով վճռաբեկի որոշումը: Ավագանու նիստով հաստատում է հողի գինը (կադաստրային արժեքով), ինքը դառնում է տվյալ հողատարածքի սեփականատերը, ստանալով կադաստրից վկայական N-2797972: Նույն թվականի սեպտեմբերին վերոհիշյալ հողատարածքը վաճառում է նույն կադաստրային գնով (3,250 000դրամ) Արտաշես Բաբախանյանին, իսկ դեկտեմբերին 0,698 հա հողատարածքը դարձնում է իր սեփականությունը, կադաստրից ստանալով սեփականության վկայական N-2709742, այնուհետև վաճառում է Խաչատուր Բադալյանին 1.115.000 դրամով: Գնորդները մեր համայնքի բնակիչներ չեն:
11.10.2021-ին վճռաբեկ վարչական դատարանը որոշեց գործն ուղարկել ամբողջ ծավալով քննության, հաշվի առնելով վերոնշյալ բացահայտումները:
Եվ այսպես, ոչ թե կատարվել է աճուրդ-վաճառք, այլ առքուվաճառք, որոնք տարբեր հասկացողություններ են: Առկա է բացահայտված կոռուպցիա սուտ մատնության հատկանիշներով (այդ թվում հանգուցյալի անունից վկայություն):
Հարգելի՛ հայրենակիցներ, սփյուռքում ապրող հայրենակիցնե՛ր, Ակնաշեն գյուղը խրված է կոռուպցիայի մեջ, որի պատճառով 11 տարի տանջվել եմ և կրել բազմաթիվ նյութական և բարոյական վնասներ: Այս ընթացքում հրկիզել են իմ և իմ հարազատների բերքը, որի առթիվ հարուցվել է քրեական գործ, բայց մինչ օրս տեղեկատվություն չունեմ: Խնդրում եմ ձեր բոլորի աջակցությունը, որպեսզի վերականգնեմ արդարությունն իմ և ընտանիքիս հանդեպ, քանի որ ես միայնակ այլևս չեմ կարողանում հոգալ դատական ծախսերը (շնորհակալ կլինեմ ցանկացած օգնության, այդ թվում փաստաբանական օգնության համար): Ամենակարևորը՝ սա նախադեպ կդառնա Հայաստանում, մասնավորապես Արմավիրի մարզում արմատախիլ անել կոռուպցիան»:
Նշենք նաև, որ իր մասնակցությամբ այլ լրատվամիջոցների կողմից հրապարակումներ եղել են, սակայն Սպարտակ Ավագյանի խնդիրները դեռ առկախված են։
