fbpx
Քաղաքականություն

Հայաստանի անկեղծ չլինելը ակնհայտ է բոլորին. Չավուշօղլու

Հարավային Կովկասում խաղաղության գրավականը խաղաղության համաձայնագիրն է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, տեղեկացրել է «Անադոլու»-ն։

«Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացները չորս զրույց են ունեցել։ Խոսքը կապերի փուլային կարգավորման մասին է։ Ադրբեջանի հաղթանակից հետո Թուրքիան հանդես է եկել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության օգտին։ Քայլերն այս ուղղությամբ շարունակվում են։ Խոսքը Հայաստանի հետ ավիակապի վերականգնման և այլնի մասին է։ Ձեռնարկվել են որոշակի քայլեր առևւտրային ոլորտում»,- ասել է թուրք նախարարը։

Նա սուբյեկտիվ է անվանել «Անկարայի և Երևանի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի շփումներից կտրված ընկալելու փորձերը»։ «Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատման գրավականը մասշտաբային խաղաղության համաձայնագիրն է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բաքուն ներկայացրել է իր նախաձեռնությունները, որոնց Երևանը չի պատասխանել։ Ստեղծվել է համատեղ հանձնաժողով, որը պետք է սկսի աշխատանքը։ Խոսքը նաեւ Զանգեզուրի միջանցքի մասին է։ Սակայն Հայաստանում անհանգստացած են դրանից։ Երեւանում պետք է կողմնորոշվեն՝ արդյո՞ք իրենք խաղաղություն են ուզում»,- շարունակել է թուրք նախարարը։

Նա շեշտել է, որ հայկական զորքերը «երկու տարի անց դեռևս չեն հեռացել Ադրբեջանի տարածքից»։ «Հայաստանի անկեղծ չլինելը կարգավորման գործընթացում ակնհայտ է բոլորին։ Երևանում պետք է իմանան, որ Անկարան ոչ մի թաքուն պլան չունի Բաքվից։ Մենք խաղաղության կողմնակից ենք»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ