Չեմպիոնների լիգային ընդառաջ «Ալաշկերտը» հայտարարել է նոր տրանսֆերների մասին։ Ակումբ են տեղափոխվել 6 ֆուտբոլիստներ։
27-ամյա կենտրոնական կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեն Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է, հանդես է եկել Մոսկվայի «Արարատում», Պերմի «Ամկարում», ներկայացրել է Ռուսաստանի Մ-17 հավաքականը, իսկ «Ալաշկերտ» է տեղափոխվել Երևանի «Արարատից»:
25-ամյա բրազիլացի ձախ եզրային Ջեյմս Սանթոսը հանդես է եկել բրազիլական «Սամպայո» և «Կամպինենսե» թիմերում, Երևանի «Արարատում», իսկ «Ալաշկերտ» է տեղափոխվել «Ուրարտուից»:
32-ամյա կոտդիվուարցի հարձակվող Ֆոֆանա Բեկոն քաջածանոթ է հայ ֆուտբոլասերին Գյումրիի «Շիրակում» ունեցած մրցելույթներով: «Շիրակից» հեռանալուց հետո Բեկոն հանդես է եկել Սերբիայի «Պարտիզան», «Չուկարիչկի», «Վոյվոդինա», ԻՄՏ թիմերում, Ղազախստանի «Իրտիշում»:
«Ալաշկերտ» է վերադարձել 31-ամյա կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը: «Արարատից» «Ալաշկերտ» տեղափոխված փորձառու ֆուտբոլիստը 34 գոլի և 25 ասիստի հեղինակ է դարձել մեր թիմի կազմում անցկացրած 137 հանդիպումներում: Ազգային հավաքականում Եդիգարյանն անցկացրել է 31 խաղ՝ խփելով 1 գոլ:
22-ամյա նիգերիացի պաշտպան Դեու Դոսան հանդես է եկել «Լոռիում» և «Վանում»:
31-ամյա եզրային պաշտպան Աղվան Դավոյանն ամբողջ կարիերան անցկացրել է Գյումրիի «Շիրակում», հանդիսացել է թիմի ավագը:
Նշվում է, որ «Ալաշկերտի» մարզչական կազմն է համալրել փորձառու Տիգրան Եսայանը, որի նախորդ աշխատատեղը «Ուրարտուն» էր: