ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանը գրավի դիմաց ազատ կարձակվի:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը:
Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը « Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ դատարանը գրավի չափ է սահմանել միլիոն 30 միլիոն ՀՀ դրամը: Երեկ Պետրոսյանի հարազատները պատրաստակամություն էին հայտնել նրա ազատության համար դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցել մինչև 20 միլիոն դրամի չափով գրավ:
Միհրան Պողոսյանը, անդրադառնալով դատարանի որոշմանը, ասաց. «Դեռևս չենք ծանոթացել, բայց ամեն դեպքում, այս գործով դատարաններն առաջին անգամ օբյեկտիվ մոտեցան այն հարցին, որ անձը պիտի ազատության մեջ լինի»:
Ալեքսան Պետրոսյանի խափանման միջոցի հարցով դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել երեկ՝ Պետրոսյանի գործով նախնական դատական նիստի ժամանակ նրա կալանավորման հիմնավորվածության հարցը քննարկելուց հետո:
Նիստի ընթացքում մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը նշել էր, որ Ալեքսան Պետրոսյանի կալանավորման հիմքերը, այդ թվում՝ գործի ճշմարտացի բացահայտման և օբյեկտիվ քննության վրա ազդեցության հնարավոր ռիսկը պահպանվել են: Մեղադրողի դեմ առարկել էր պաշտպան Միհրան Պողոսյանը՝ ասելով, որ քրեական գործով հիմնավոր կասկածը բացակայում է, և չկա որևէ վկա, ում վրա իրենք կարող են ազդեցություն գործադրել:
Նա մեղադրվում է 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ փողերի լվացմանն օժանդակելու համար: Այս քրեական գործով անցնում է նաև նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, ում մասով դեռ նախաքննության ավարտ չի հայտարարվել: Ըստ մեղադրանքի՝ հայր և որդի Պետրոսյաններն օժանդակել են Բնապահպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանին:
Աղբյուրը՝ Armtimes.com