fbpx
Իրավական

Ալումյանը Փաշինյանի դեմ հայցից հրաժարվելու միջնորդություն է ներկայացրել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը Նիկոլ Փաշինյանի դեմ հայցից հրաժարվելու վերաբերյալ գրավոր միջնորդություն է ներկայացրել դատարանին։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Սարգսյանի, այսօր ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործի քննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: Դատական ակտը կհրապարակվի հունիսի 24-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել էր Երևան քաղաքի դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ: Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել. «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Այս հայտարարությունը Փաշինյանն արել էր Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով ազատ արձակելու Վերաքննիչ դատարանի որոշումից օրեր անց։

Հավելենք, որ երեկ՝ հունիսի 12-ին, տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Հայկ Ալումյանը հայտարարել էր․

«Եթե մեր դատավարական հակառակորդը կհայտարարի աներկբա, որ այս հայտարարությունը անելով՝ պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին, ապա մենք պատրաստ ենք հրաժարվել հայցից: Նման դեպքում ես կխնդրեի նիստը նշանակել հնարավորինս շուտ»:

Պատասխանողի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը իր հերթին ասել էր, որ իր վստահորդը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ