Լիբանանի արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասիլը ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դևիդ Սաթերֆիլդի հետ քննարկել է լիբանանա-իսրայելական ցամաքային և ծովային սահմանազատման մասին բանակցությունները։ Այս մասին տեղեկացնում է լիբանանյան ԱԳՆ մամուլի ծառայությանը։
«ԱՄՆ ներկայացուցիչ Դևիդ Սաթերֆիլդը, որը լիազորված է միջնորդելու Լիբանանի և Իսրայելի միջև ցամաքային և ծովային սահմանազատման վերաբերյալ բանակցություններում, նախարար Բասիլին է ներկայացրել այն գործողությունների մանրամասները, որոնք նախաձեռնվել են ԱՄՆ-ում և Իսրայելում վերջին շաբաթներին։ Հիմնական հարցի շուրջ կարծիքները համընկան, դրանք հանգում են նրան, որ անհրաժեշտ է գտնել նավթային հանքավայրերում Լիբանանի շահերը պաշտպանելու լուծումներ»,- ասված է ամփոփիչ հայտարարությունում։
Սաթերֆիլդը սահմանագծման հարցը կքննարկի նաև Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ։ Բասիլն իր հերթին կտեղեկացնի երկրի նախագահ Միշել Աունին ԱՄՆ ներկայացուցչի վերջին գործողությունների մասին վիճելի սահմանային հարցի վերաբերյալ։
Լիբանանի ու Իսրայելի միջև լարվածությունը ծովային և ցամաքային սահմանների որոշման հարցում առաջ է եկել այն բանից հետո, երբ ափամերձ ջրերում հայտնաբերվեցին նավթի ու գազի հանքեր։ Լիբանանի ղեկավարությունը հայտարարեց, որ վիճելի հատվածները գտնվում են Լիբանանի բացառիկ տնտեսական գոտում, և իրեն իրավունք է վերապահել պաշտպանել ռեսուրսները բոլոր հնարավոր օրինական միջոցներով։
Լիբանանի նախագահ Միշել Աունը դիմել է ԱՄՆ-ին՝ կոչ անելով ՄԱԿ-ի հետ համատեղ հանդես գալ որպես միջնորդ հարավային սահմանների վերաբերյալ վիճելի հարցերը լուծելիս։

