ՀՀ վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել է 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին մասնակցած Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008-2009թթ. կայացրած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու ՀՀ գլխավոր դատախազի բողոքը (նաև պաշտպաններ Ս. Սաֆարյանի և Վ. Գրիգորյանի բողոքը՝ մասնակիորեն), և բեկանել է դրանք՝ գործն ուղարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Հիշեցնենք, որ 2008թ. հոկտեմբերի 23-ի դատավճռով Մուշեղ Սաղաթելյանը ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով ճանաչվել է մեղավոր և ենթարկվել տուգանքի և հինգ տարի ժամկետով ազատազրկման։
Մուշեղ Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով 2008թ. նախագահական ընտրություններից հետո Երևան քաղաքում իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, 2008թ. մարտի 1-ին` առավոտյան «Ազատության» հրապարակում, ապա ավելի ուշ Արշակունյաց պողոտայում, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, հրելու, քաշքշելու և ոտքով հարվածելու եղանակով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ և փախուստի փորձ կատարել: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ կրելու համար:
Դատավճիռը 2008թ. դեկտեմբերի 10-ին Մ. Սաղաթելյանի պաշտպանի կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը մերժվել էր։ Իսկ 2009թ. մարտի 10-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը առանց քննության էր թողել պաշտպանական կողմի ներկայացրած վճռաբեկ բողոքը:
2018թ. սեպտեմբերի 20-ին «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերոնշյալ քրեական գործով ներկայացված գանգատի քննության արդյունքում կայացված վճռով արձանագրել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներով նախատեսված (խոշտանգումների արգելման, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, հավաքների և միավորման ազատության) իրավունքների խախտում: ՄԻԵԴ այս որոշումն ուժի մեջ է մտել 2018 թվականի դեկտեմբերի 20-ին, ինչը, որպես նոր հանգամանք հիմք ընդունելով, ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել էր վճռաբեկ բողոք:
ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ գլխավոր դատախազի բողոքի բավարարման որոշումը պատճառաբանական մասում հիմնավորելիս, ի թիվս այլնի՝ վկայակոչել է Մուշեղ Սաղաթելյանի՝ հավաքների ազատության իրավունքի խախտման վերաբերյալ «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:

