1in.am լրատվականին տված իր հարցազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մենք գտնվում ենք պատերազմի հետևանքների հաղթահարման փուլում, բայց նաև կան անհաղթահարելի հետևանքներ, մասնավորապես՝ մեր հերոսների կորուստը։
«Ընդհանուր առմամբ՝ մենք այսօր ունենք և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերներ, որոնք կապվում են անվտանգային իրավիճակի հետ։ Սա էր պատճառը, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո ես՝ որպես առաջնային խնդիր ձևակերպել եմ Հայաստանի շուրջ անվտանգություն և կայունություն ապահովելու օրակարգը։ Չենք կարող ասել, որ այդ խնդիրը 100 տոկոսով լուծված է, բայց մենք հստակ քայլերով գնում ենք այդ ուղղությամբ»,- նշել է վարչապետը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ մենք, ինչպես նախկինում, հիմա էլ գտնվում ենք արտաքին անվտանգության նույն համակարգում՝ ՀԱՊԿ-ում։
«Պետք է արձանագրել, որ նախկինում թյուր ըմբռնում ենք ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ մեր հանդեպ ունեցած պարտավորութունների վերաբերյալ։ Շատերն ասում են, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի միջամտել Ղարաբաղյան պատերազմին: Պատասխանը պարզ է, որովհետև ՀԱՊԿ պարտավորությունները ձևավորված են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս, դրանից դուրս նման պարտավորություններ ձևակերպված չեն»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ, իհարկե, սահմաններից ներս էլ մենք անվտանգային մարտահրավերներ ունեցել ենք, և ՀԱՊԿ անվտանգության մեխանիզմներն այդտեղ որոշակի դեր ունեցել են։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/244268177354579

