Վենեսուելաn մտադիր է միջազգային դատական հայց ներկայացնել ԱՄՆ կառավարության դեմ։ Պատճառը այն վնասն է, որ պատճառվել է վենեուելական ընկերություններին պատժամիջոցների հետևանքով: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։
Նա հանձնարարել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին, գլխավոր դատախազ Ռեյնալդո Մունյոսին և արտաքին գործերի նախարար Խորխե Արեասին անհապաղ դատավարություն նախաձեռնել:
Մադուրոն նշել է, որ պատճառներից մեկը վենեսուելական Conviasa ավիաընկերության ներառումն է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակում: Նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցների համար գլխավոր պատասխանատվությունն ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի վրա է:
Փետրվարի 7-ին ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակում ներառել էր վենեսուելական Conviasa պետական ավիաընկերությունը: ԱՄՆ ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինը հայտարարել է, որ Մադուրոյի ռեժիմը ապավինում է այս ընկերությանը: Նրա խոսքով՝ ավիաընկերությունը «կոռումպացված պաշտոնյաների» է տեղափոխում ամբողջ աշխարհով մեկ՝ ժողովրդավարության դեմ նրանց գործողություններին աջակցելու համար: