ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում հարցումների վերաբերյալ ինֆոգրաֆիկաներ է հրապարակել ու նշել, որ այդտեղ ցուցադրված են Հայաստանում ամենապահանջված ուղղությունները, մասնագիտությունները և տեխնոլոգիաները/պլատֆորմները։
Դրան կից Արշակյանը գրել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է. 2020 թ. ոլորտում արձանագրվել է ավելի քան 21% աճ, ավելի քան 3,400 նոր մասնագետներ են մուտք գործել ոլորտ, միջին աշխատավարձը ոլորտում ավելի քան 800,000 դրամ է (ներառյալ հարկերը)։
«Դատելով ներկայացված թվերից, ինչպես նաև ոլորտի աճի դինամիկայից, միանշանակ կարելի է պնդել, որ Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունն ինժեներությունն է՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում», – նշել է նախարարը։
Արշակյանը կոչ է արել քաղաքացիներին կրթություն ստանալ և մասնագիտանալ հատկապես ֆիզիկա, մաթեմատիկա, ռադիոէլեկտրոնիկա, միկրոէլեկտրոնիկա, մեխանիկա, կիբեռնետիկա, համակարգչային տեխնոլոգիաներ և այլ տեխնոլոգիական ուղղություններով ու համոզված լինել, որ հետագայում կարող են որակյալ աշխատանք գտնել Հայաստանում։
Մասնագիտությունը փոխել ցանկացողները կարող են ծանոթանալ դասընթացներին այստեղ։
