Տիկնիկագործի տաղանդով, բայց մոդելավորողի մասնագիտությամբ Էլմիրա Նավասարդյանը կարծում է, որ աշխարհում ոչ մի նյութական արժեք չի կարող փոխարինել փայլուն աչքերին: Ըստ նրա մարդուն երջանկացնելն ամենաաստվածային երևույթներից մեկն է: Նա լավատես է, սիրում է բացահայտել մարդկանց աշխարհը և ինչպես ցանկացած ստեղծագործող մարդ, սիրում է երբեմն առանձնանալ ինքն իր հետ։ Նա այլ բնութագիր է տալիս տիկնկագործությանը. «Սա միայն կերպար ստեղծելը չէ,այն բնավորություն է ձևավորում, տրամադրություն է փոխում»:
Մոդելավորողի կյանքի, մասնագիտության, ձեռքբերումների և կորուսների մասին զրույցը ներկայացնում ենք ստորև.
-Մանկության մասին. Տիկնիկներիցդ որի՞ մեջ ես գտնում փոքրիկ Էլմիրային.
-Մանկության տարիներին ավելի համարձակ և համառ էի. փորձում եմ գողանալ մանկությունից այդ գծերը, քանի որ այս տարիքում դրանք ինձ ավելի անհրաժեշտ են։ Յուրաքանչյուր տիկնիկ իր մեջ ունի իմ մի մասնիկը, թեպետ իմ հոգևոր ընկերուհին Eloiz-ն է: Նա համեստ է, ունի խելացի աչուկներ, փոքրիկ Էլմիրայի մանկությունից վերցրել է հանգստությունը, իսկ մեծ Էլմիրայից վճռականությունը: Չարաճճիությամբ ինձ եմ նմանացնում մեկ այլ տիկնիկի, որն ունի կանաչ մազեր և նեղացկոտ է։ Առաջ նա ապրում էր հյուրասենյակում` պահարանի վրա, հետո տեղափոխեցի իմ սենյակ և պահեցի մյուս տիկնիկների հետ։ Երևի դրա համար խռովեց, քանի որ չի սիրում լինել սովորական:
-Կա՞ն գրքեր, որոնց հերոսներին նմանեցնում ես տիկնիկներիդ.
-Ասում են բոլոր տիկնիկներս ինձ են նման: Ճենապակյա տիկնիկներիս իրենց կերպարով նմանացնում եմ «Կամելիազարդ տիկինը» պատմվածքի հերոսուհուն: Կարմրամազիկ, գանգրահեր տիկնիկներիս ջրահարսի են նմանացնում, իսկ Eloiz-ին նմանացնում եմ բոհեմյան ժամանակաշրջանի ստեղծագործողների գրական հերոսուհիների կերպարներին: Իմ տիկնիկները թեև ժպտում են, բայց ունեն տխուր աչքեր: Սյուրրեալիստական ոճի ճենապակյա տիկնիկների ունեմ, որոնք փակ աչքերով են: Նրանց հոգին կարող են կարդալ մարդիկ, ովքեր «կտեսնեն»այդ փակ աչքերը…
-Տիկնիկգործ, մոդելավորող թե՞ դասավանդող. Որտե՞ղ եք ձեզ ավելի շատ տեսնում
-Երբ աշխատում էի արտադրամասում, որպես գլխավոր մոդելավորող այլ ոլորտում ինձ չէի տեսնում։ Հետագայում պարբերաբար անցկացվող նորաձևության ցուցադրություններն իմ առօրեայի մեծ մասը կազմեցին, այնուհետև այդ ամենին փոխարինեցին տիկնիկներս։ Սկզբում կերպարային տիկնիկներ էի պատրաստում, հետո հասկացա որ ուզում եմ իմ արվեստը փոխանցել մարդկանց: Ինքս ինձ այդ հարցը միշտ տվել եմ և երբեք հստակ պատասխան չեմ գտել: Հիմա, երբ պատասխանեցի, հասկացա, որ ինձ համար բոլորն էլ կարևոր են:
-Ձեռքբերումների և կորուստների մասին. Արդյունքում ո՞րն է առաջ գնալու ուժը.
-Կյանքիս ամենամեծ կորուստը մայրիկիս կորցնելն էր, թեպետ դա միայն ֆիզիկական եմ համարում, հոգով նա միշտ ինձ հետ է: Նորաձևության ցուցադրումներին մասնակցելու, անհատական ցուցադրումներ կազմակերպելու հարցում նա միշտ իմ կողքին էր, իր խորհուրդներով: Մայրիկիս լավատեսությունն ու հավատն է իմ առաջ գնալու ուժը, դա այդպես է, եթե նա ֆիզիկապես լիներ կողքիս, և այդպես է հիմա, երբ զգում եմ նրա ներկայությունը։
-Անձնական կյանքից. Ինչպիսին պետք է լինի քո տղամարդը.
-Նա առջին հերթին պետք է լինի ՏՂԱՄԱՐԴ: Հարաբերություններում առաջնահերթ պետք է լինի փոխադարձ հարգանք: Նա պետք է լինի անկեղծ, բարի, լավատես, չլինի քծնող։ Իմ հանդեպ ունեցած նրա սերը պետք է լինի անկեղծ ու անսահման։ Չեմ սիրում անընդհատ բողոքող և էներգիա խլող տղամարդկանց, սակայն խնդիրների դեպքում, պետք է վստահի ինձ նաև որպես ընկեր։ Ըստ իս, եթե տղամարդը մեծ ձեռքեր է ունենում, դա խոսում է մեծ սրտի ու բարեհոգության մասին։ Նրա հետ ես պետք է ինձ հանգիստ զգամ, չլարվեմ, անգամ լռելը պետք է հաճելի լինի։ Ամենակարևորը պետք է սիրեմ, իսկ եթե նա չունենա այդ հատկանիշներից ոմանք, բայց ամեն դեպքում սիրեմ, կսիրեմ նաև թերությունները։
-Կյանքը կարանտինից առաջ և հիմա.
-Գործընկերուհուս` Քրիստինա Մանուկյանի հետ պետք է ունենայինք ցուցահանդես, բայց այս իրադարձությունների պատճառով չկազմակերպեցինք: Այն լինելու էր տիկնիկների, մանկական զգեստների, պայուսակների ցուցադրություն: Այս օրերին, կարծում եմ բոլորս գրկախառնություն ենք փնտրում, առաջվա պես ակտիվ և աշխույժ կյանք։ Ինչ որ տեղ սա հնարավորություն է ինքներս մեզ գտնելու և մեր մեջ եղած ջերմությունը զգալու։ Սսովորական կյանքում այնքան ենք վազում մեր երազանքների ու նպատակների հետևից, որ երբեմն մոռանում ենք ապրել։ Բարեբախտաբար ես արվեստի մարդ եմ և ստեղծագործելով մոտիվացնում եմ ինքս ինձ։ Ինձ ձանձրալի չեմ սիրում, հոգնում եմ ինքս ինձանից, երբ չեմ ապրում։ Պետք է սովորենք հաշտ ապրել ինքներս մեզ հետ, իսկ ես հաճախ վիճում եմ ինձ հետ։
-Կյանքը կարանտինից հետո.
-Այս օրերին ապագայի ծրագրեր կազմելն իրատեսկան չէ, բայց ես լավատես եմ, կարծում եմ, որ կվերադառնանք բնականոն կյանքին և կթարմացնենք մեր նպատակները: Այդ ժամանակ նորաձևությունը կհամատեղեմ տիկնիկագործության դասերի հետ: Նորաստեղծ արտադրություն ունեմ, որը պետք է զարգացնեմ: Ունեմ առաջարկ նոր հաղորդաշարի, որը սիրով կընդունեմ: Դասերը վերսկսելուց հետո հյուրընկալելու ենք դերասանների և երգիչների, որոնց կնվիրենք իրենց հմար պատրաստված տիկնիկները:
-Ձեր խորհուրդը տիկնիկագործությամբ հետաքրքրվողներին
-Բոլոր նրանց ովքեր ցանկանում են զբաղվել տիկնիկագործությամբ հաճելի և ստեղծագործական կյանք եմ մաղթում։ Ցանկանում եմ, որ բացահայտեն սեփական տիկնիկների կախարդական աշխարհը` ուրույն ձեռագրով: Սա այն աշխարհն է, որտեղ կեղծավորությունը չեն ներում, ոչ տիկնիկները, ոչ արվեստը և ոչ էլ մարդիկ։ Անպայման հոգի դրեք տիկնիկի մեջ պատրաստման ընթացքում: Եթե նրան չընդունես որպես անհատ նա չի կենդանանա և ինքն էլ քեզ հետ անկեղծ չի լինի։ Պատրաստելիս ամենակարևորն ընթացքն է, երբ հաճույք ես ստանում պրոցեսից։
Մարգարիտա Պետրոսյան
