ԱՄՆ-ն և Հարավային Կորեան հայտարարել են համատեղ զորավարժությունները հետաձգելու մասին: ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ այս քայլը Հյուսիսային Կորեայի նկատմամբ «բարի քայլի ակտ» է։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Ես դրա մեջ տեսնում եմ խաղաղության համար պայմաններ ստեղծելու, քաղաքական համաձայնությունների կնքմանը նպաստելու ուղղությամբ Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի բարեխիղճ ջանքերը, որոնք կբերեն Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը»,- ասել է Էսպերը:
Համատեղ հայտարարությունը կատարվել է Բագկոկում Ասիայի երկրների պաշտպանության նախարարների համաժողովում: Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց Ճապոնիայի պաշտպանության նախարարը հանդես է եկել խիստ առարկություններով:
«Հյուսիսային Կորեայի հանդեպ ոչ ոք չի կարող լավատեսություն դրասևորել: Հյուսիսային Կորեան այս տարի մի քանի արձակում է կատարել՝ թողարկելով ավելի քան 20 հրթիռ, ներառյալ բալիստիկ հրթիռների նոր տեսակները, որոնք արձակվում են սուզանավից»,-հայտարարել է Տարո Կոնոն
Հյուսիսային Կորեայի հատուկ հանձնարարությունների դեսպան Կվոն Չոն Գինը այս ամիս ավելի վաղ համատեղ զորավարժությունները որակել էր սադրիչ և վտանգավոր արարք: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չկշռադատված խելահեղությամբ թաց ծածկոց է նետում Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև երկխոսության կայծի վրա, որը անհետացման եզրին է:
2018 թվականի հունիսին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի պատմական գագաթնաժողովից հետո ԱՄՆ-ն դադարեցրել կամ նվազեցրել էր համատեղ զորավարժությունների ծավալները ապամիջուկայնացման շուրջ բանակցությունների մթնոլորտի բարելավման նպատակով:
ԱՄՆ և Հարավային Կորեայի առաջին համատեղ զորավարժություններն անցկացվել են 1955 թվականին՝ Կորեական պատերազմի ավարտից մի քանի ամիս անց, որից հետո անցկացվում են ամեն տարի՝ Հյուսիսային Կորեայից պաշտպանվելու համար մարտական պատրաստվածությունը պահպանելու համար:
Ներկայումս Հարավային Կորեայում է տեղակայված մոտ 28 500 ամերիկացի զինծառայող:

