Աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերը տեսաուղերձ է հղել, որում նշել է, թե յուրաքանչյուր անգամ, երբ վերադառնում է Բաքու, տեսնում է տնտեսության և հնարավորությունների աճ Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի համար։
Ըստ Ռիքերի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավատում է Հարավային Կովկասի՝ խաղաղության հասնելու հնարավորություններին և ներուժին:
«Գիտակցելով աշխարհագրության կարևորությունը՝ նա խնդրեց ինձ այցելել տարածաշրջան: Հիմա ես Բաքվում եմ, այստեղից կմեկնեմ Թբիլիսի և Երևան։ Այս տարածաշրջանում հանդիպում են աշխարհագրությունն ու պատմությունը։ Մենք գիտենք, որ խաղաղ գործընթացը հեշտ չէ։ Գիտեմ, որ հակամարտությունը տարիների ընթացքում երկու կողմերի մեծ դժվարությունների ու տառապանքների պատճառ է դարձել։ Բայց ես հավատում եմ, որ խաղաղ ապագայի հույս կա: Հուսով եմ, որ խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված թափը հնարավոր կլինի պահպանել և պատմության նոր էջ բացել՝ ավելի պայծառ ապագա երաշխավորելու համար»,- ասել է դիվանագետը։
Նա հավելել է, որ այժմ հետևում է երկու երկրների իրական և համարձակ քայլերին, որոնք նայում են ապագային և ցանկանում են կայուն խաղաղության հասնել:
«Ինչպես նշել է պետքարտուղար Բլինքենը, երկու երկրներն աշխատում են Հարավային Կովկասում ավելի բարեկեցիկ և խաղաղ ապագայի ապահովման ուղղությամբ։ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը և կոչ անում պահպանել ձեռք բերված թափը նաև նոր տարում։ Իրական առաջընթաց է գրանցվել, և աշխարհը խոստանում է ավելի լավ և պայծառ ապագա: Ես ողջունում եմ խաղաղության հասնելու համար ցուցաբերվող խիզախությունն ու վճռականությունը»,- ասել է նա։