Ամերիկայի Միացյալ Նահանգներն սկսում է 1000 ամերիկացի զինվորականի դուրսբերումը Սիրիայի հյուսիսային շրջանից՝ Թուրքիայի գրոհների պատճառով, որոնք կարող են ընդլայնվել նաև դեպի հարավ և արևմուտք: Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը:
«Վերջին օրերին մենք իմացել ենք, որ Թուրքիան, հավանաբար, մտադիր է ընդլայնել գրոհի տարածքը դեպի հարավ, ինչպես նաև դեպի արևմուտք: Մենք տեղեկացել ենք նաև, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը ձգտում է համաձայնության գալ սիրիացիների և ռուսների հետ՝ հյուսիսում Թուրքիայի դեմ հարձակում սկսելու վերաբերյալ»,-ասել է ամերիկացի նախարարը:
Նա նշել է, որ ամերիկացիներն, այդպիսով, հայտնվում են մի իրավիճակում, որ կարող են շրջափակված մնալ երկու դիմակայող կողմերի միջև:
Էսպերը հավելել է, որ ամերիկացի զինվորականներն ինքնապաշտպանության իրավունք ունեն, այսինքն՝ կարող են պատասխան կրակ բացել, եթե իրենց դեմ հարձակում իրականացվի: