ԱՄՆ Զինված ուժերը Իրանի հետ հարաբերությունների լարվածության աճի ֆոնին Մերձավոր Արևելք կուղարկի ևս 1000 զինծառայող: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Պենտագոնի ղեկավար Պատրիկ Շանահանը երկուշաբթի երեկոյան հայտարարել էր, որ զորքերի տեղակայումը իրանական զինված ուժերի «թշնամական վարքագծի» պատասխանն է:
Դրանից բացի՝ ԱՄՆ ռազմածովային նավատորմը լուսանկարներ է հրապարակել, որոնք, ըստ նրանց, ապացուցում են Իրանի մասնակցությունը Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակմանը:
«Միացյալ Նահանգները չի ձգտում Իրանի հետ կոնֆլիկտի: Սակայն այս գործողությունները ձեռնարիկվել են՝ մեր զինվորական անձնակազմի անվտանգությունն ու բարօրությունը ապահովելու համար, որը տարածաշրջանում աշխատում է մեր շահերի պաշտպանության նպատակով»,- հայտարարել է Պատրիկ Շանահանը:
Նա հավելել է, որ ԱՄՆ ԶՈւ-ն կշարունակի իրավիճակի մոնիթորինգը և համապատասխանաբար տարածաշրջանում զորքերի թվաքանակի շտկումներ կկատարի:
Հիշեցնենք, որ Օմանի ծոցում հունիսի 13-ին պայթյուններ էին տեղի ունեցել Պանամայում գրանցված ճապոնական Kokuka Courageous և Մարշալյան կղզիների դրոշի ներքո լողարկող նորվեգական Frontline ընկերությանը պատկանող նորվեգական Front Altair լցանավերի վրա: Պայթյուններից հետո լցանավերում հրդեհ էր սկսվել: ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան հարձակումների մեջ մեղադրել են Իրանին: Թեհրանը բոլոր մեղադրանքներտ հերքում է: