ԱՄՆ վարչակազմը դիտարկում է սև ցուցակում չինական Hikvision ընկերությանը ներառելու նպատակահարմարությունը, որը զբաղվում է տեսահսկման համակարգերի արտադրությամբ և մշակմամբ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Նրա աղբյուրների տվյալներով՝ սև ցուցակում ներառելը ենթադրում է Hikvision-ի հասանելիության սահմանափակում ամերիկյան տեխնոլոգիաներին և բաղադրիչներին:
Այդ դեպքում ԱՄՆ առևտրի նախարարությունը ամերիկյան ընկերություններից կպահանջի դիմել դաշնային կառավարությանը այդ չինական ձեռնարկության սարքավորումների բաղադրիչների մատակարարման թույլտվության համար, որն աշխարհում տեսահսկման համակարգերի առաջատար արտադրող է: Թերթը գրում է, որ ԱՄՆ վարչակազմը առաջիկա շաբաթներին այդ հարցով վերջնական որոշում կընդունի:
Մայիսի 15-ին նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր ստորագրել, որով արտակարգ դրություն է սահմանվում արտաքին սպառնալիքների դեմ ԱՄՆ տեղեկատվա-հաղորդակցային ենթակառուցվածքների պաշտպանության համար:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ առևտրի նախարարությունը որոշում է ընդունել չինական Huawei ընկերությանը և դրա հետ կապված իրավաբանական անձանց ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով ներառել սև ցուցակում, որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 17-ին:
Անցյալ տարվա օգոստոսին Թրամփը հրաման էր ստորագրել, որն արգելում է ԱՄՆ կառավարական գերատեսչություններին օգտագործել Huawei-ի և ևս մեկ չինական ընկերության՝ ZTE-ի սարքավորումները: