ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Անուշ Բեղլոյանը, Սոս Ավետիսյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Արման Բաբաջանյանը եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հունիսի 5-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են մանրամասներ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մայիսի 30-ին Մոսկվայում տեղի ունեցած համատեղ նիստի աշխատանքների վերաբերյալ:
Անուշ Բեղլոյանը նշել է, որ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ, հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ, ով կարեւորել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հետեւողական աշխատանքը: Պատգամավորի տեղեկացմամբ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են միջխորհրդարանական հարթակներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Բանախոսն անդրադարձել է ոլորտային հանձնաժողովների ձեւաչափի արդյունավետությանը՝ նշելով, որ այն բաց եւ թափանցիկ քննարկումների հարթակ է, ինչը թույլ է տալիս ուսումնասիրել երկու երկրների փորձը, ուրվագծել նոր հեռանկարներ:
2019 թվականի հունիսի 26-27-ը Մոսկվայում տեղի է ունենալու ՌԴ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվելու են համատեղ նիստում արծարծված հիմնահարցերը:
Արման Աբովյանի խոսքով` հանդիպումների ընթացքում ակնառու է եղել ռուսական կողմի հետաքրքրվածությունը՝ Հայաստանի հետ երկխոսությունը խորացնելու եւ համագործակցությունը զարգացնելու առումով:
Արման Բաբաջանյանն արձանագրել է, որ հանդիպումների ընթացքում փարատվել են ռուսական կողմի՝ հեղափոխությունից հետո առաջացած անհանգստությունները, մտահոգությունները: Եվս մեկ անգամ ընդգծվել է, որ համագործակցության առկա ձեւաչափերը վերանայման ենթակա չեն:
Սոս Ավետիսյանը հավելել է, որ հանդիպումներն ու քննարկումներն անցել են անկեղծ, վստահության մթնոլորտում:
Լրագրողների հարցերը վերաբերել են հայ-ռուսական հարաբերություններին, ԵԱՏՄ, ՀԱՊԿ հետագա համագործակցությանը: