fbpx
Իրավական

Անասնաբույժը 91-ի փոխարեն 1 կենդանու արյուն է ներկայացրել բրուցելոզի ախտորոշման համար․ ՍԱՏՄ-ը դիմել է Դատախազություն

2019 թվականի հոկտեմբերի 23-ին Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի անասնաբույժ Էդիկ Թամամյանի կողմից ներկայացված արյան 95 նմուշից առաջնային լաբորատոր փորձաքննության արդյունքում «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի Տավուշի մարզային կառույցի Իջևանի տարածաշրջանի լաբորատորիայում բրուցելյոզ հիվանդության ախտորոշումը դրական արդյունք էր արձանագրել 91 նմուշի համար։

Փորձաքննության ընթացքում դրական ռեակցիաների անընդհատությունը և նման մեծ քանակը (դա նշանակում է՝ Հաղարծինի 8 անասնատերերի բոլոր խոշոր եղջերավոր կենդանիները հիվանդ են բրուցելոզով) լաբորատորիայի աշխատակիցների մոտ հարուցել է կասկած, ինչի մասին նրանք օպերատիվ տեղեկացրել են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի մասնագետներին:

Կասկածելի արդյունքների հանգամանքները պարզելու նպատակով մարզային կենտրոն հրավիրված անասնաբույժ Էդիկ Թամրազյանը, պարզաբանման աշխատանքների արդյունքում, հաստատել է, որ 1 կենդանուց վերցված արյունն ինքը ներկայացրել է իբրև համայնքի 8 անասնատերերի 91 կենդանիներից վերցված:

Նշյալ դեպքի բացահայտումն ու լաբորատորիա-տեսչական մարմին օպերատիվ համագործակցությունը ևս մեկ անգամ ապացուցում է համակարգի ամբողջականության կարևորությունն ու ցանկալի արդյունքներ ապահովելու համար համակարգված փոխգործակցությունը:

ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում ենք՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական պատվերի ծրագրի շրջանակներում համագործակցել տեսչական մարմնի հետ՝ զանգահարելով ՍԱՏՄ թեժ գծին (010) 20-60-40 հեռախոսահամարով:

Հ.Գ. Խնդիրը քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ: Տեսչական մարմինը նաև կդիմի ՀՀ դատախազությանը՝ ներկայացնելով դեպքի մանրամասները, անհրաժեշտ փաստաթղթերն ու անասնաբույժի կողմից տրված գրավոր բացատրությունը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՍԱՊԾ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ