Լեգենդար երգչուհի Բոնի Թայլերը դուրս է եկել բժշկական կոմայից, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։ Ինչպես հայտնում է երգչուհու թիմը, 75-ամյա արտիստը գտնվում է Պորտուգալիայի Ֆարու քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
Առողջական խնդիրները սկսվել են ապրիլին, երբ Թայլերը, որը երկրորդ տուն ունի Պորտուգալիայում, հոսպիտալացվել է որովայնի սուր ցավերի պատճառով։ Նա ենթարկվել է շտապ վիրահատության, սակայն հետվիրահատական բարդությունների պատճառով բժիշկները ստիպված են եղել նրան արհեստական կոմայի մեջ դնել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կոմայից դուրս բերելու փորձերի ժամանակ երգչուհու մոտ գրանցվել է սրտի կանգ։
Համերգների չեղարկում
Երգչուհու ներկայացուցիչները հաստատել են, որ Թայլերի ամառային համերգային շրջագայությունը չեղարկվել է։ «Թեև վիճակը լավանում է, վերականգնման գործընթացը դանդաղ է ընթանում», – նշվում է հայտարարության մեջ։ Բժիշկները լավատես են տրամադրված Թայլերի հետագա ապաքինման հարցում, սակայն ընդգծում են, որ դրա համար ժամանակ կպահանջվի։
Բոնի Թայլերը, որի իսկական անունը Գեյնոր Հոփքինս է, համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1980-ականներին «Total Eclipse of the Heart» հիթով։ 2023 թվականին նրան շնորհվել է Բրիտանական կայսրության շքանշան (MBE)՝ երաժշտության ոլորտում ունեցած ներդրման համար։ Երգչուհու թիմը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար և խնդրել հարգել ընտանիքի գաղտնիությունը այս դժվարին շրջանում։

