Անգլիայում և Հյուսիսային Իռլանդիայում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ընդհանուր առմամբ ընտրվելու են Անգլիայի 248 տեղական խորհուրդների 8,4 հազարից ավելի ներկայացուցիչներ:
Ինչ վերաբերում է Հյուսիսային Իռլանդիայի ընտրություններին, ապա այնտեղ պայքար կծավալվի 11 խորհրդի 462 աթոռի համար:
Ընտրություններն ընթանում են այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Մանչեսթրը, Լիվերպուլը, Նյուքասլը, Յորքը և Սթոք օն Թրենթը: Քվեարկություն չի անցկացվում Շոտլանդիայում, Ուելսում, Լոնդոնում, Բիրմինհամում և Քոռնուոլի կոմսությունում:
Բրիտանացի քաղաքական փորձագետները կարծում են, որ իշխող Պահպանողական կուսակցությունն ընտրությունների արդյունքներով ավելի քան 800 աթոռ կկորցնի Անգլիայի տեղական խորհուրդներում:
Ընտրությունների առաջին արդյունքներն սպասվում են կեսգիշերից հետո, վերջնական արդյունքները կամփոփվեն մայիսի 3-ին:
