Էջմիածնի զորամասերից մեկից մարտական գործողությունների մեկնած և անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր պաշտպանության նախարարության դիմաց էին հավաքվել:
Նրանց օրեր առաջ ՌՈ ներկայացուցիչը վստահեցրել էր, որ այսօր հանդիպում կունենան ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ:
ՀՀ ՊՆ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ժամը 16։30-ին ընդունել է երեք ծնողների և նրանց հետ զրուցել մոտ 1․5 ժամ։ Հանդիպման ավարտին ծնողներից Անահիտ Ադոյանը «Հորիզոնին» փոխանցել է, որ գլխավոր շտաբի պետի հետ ունեցած այսօրվա հանդիպումը արդյունավետ են համարում, և Օնիկ Գասպարյանը իրենց հուզող բոլոր հարցերին տվել է սպառիչ պատասխաններ։
Անահիտ Ադոյանի փոխանցմամբ՝ պաշտպանության նախարարությունն ամենօրյա ռեժիմով շարունակելու է զբաղվել անհետ կորած տղաների հարցերով, և Օնիկ Գասպարյանի հրահանգով, ծնողները որոնողական աշխատանքների յուրաքանչյուր օրվա ավարտին արդյունքների վերաբերյալ պատշաճ կիրազեկվեն։
Անհետ կորած համարվող այս խմբի տղաները 41-ն են: Ծնողների փոխանցմամբ, երեկ Հայաստան վերադարձած 44 գերիներից մեկն այս խմբի տղաներից է: Ծնողները վստահեցրել են, որ տեսանյութերից տեղեկացել են, որ այս խմբից Ադրբեջանում գերության մեջ գտնվող էլի տղաներ կան:

