Հինգ միլիոն բնակիչ ունեցող Անկարայում երեկ կարկուտին հաջորդել է տեղատարափ անձրևը։ Քաղաքային թաղամասերի մի մասը հեղեղված է, փողոցները վերածվել են գետերի, հայտնումեն թուրքական լրատվամիջոցները:
Փոթորկոտ հեղեղները տարել են առաքման ծառայությունների մեքենաներ և մոտոցիկլետներ։ Փրկարարներն ու հրշեջ-փրկարարները մարդկանց դուրս են բերել ավտոմեքենաներից, օգնել տարհանվել։ Ամենադժվար վիճակը ցածրադիր գոտում գտնվող թաղամասերում է։ Այնտեղ ջրի մակարդակը հասել է 70 սանտիմետրի։ Անվտանգության նկատառումներով իշխանությունները փակել են ստորգետնյա անցումները։ Հարյուրավոր ուղևորներ արգելափակվել են մետրոյի Սիխխիե կայարանում։ Ջրի առատ հոսքը քշել է թունելում գտնվող հողը և վերածվել ստորգետնյա ջրվեժի։
Անձրևները կշարունակվեն առաջիկա օրերին ևս: Երկրի օդերևութաբանության գլխավոր վարչությունը Թուրքիայի 20 նահանգներում վտանգի դեղին մակարդակ է հայտարարել։ Սպասվում են անձրևներ, այդ թվում՝ Էգեյան ծովի ափին և Անթալիայի շրջանում։