168.am գրում է ՝
«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիներն իրենց խնդիրները ներկայացնող տեսանյութ են տեղադրել Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Նրանք դժգոհում էին՝ ասելով, որ 25 կգ ապրանք ունեն, բայց չեն կարողանում հատել սահմանը:
«Էս ի՞նչ վիճակ է, էս ի՞նչ ձև եք մտածում, ի՞նչ մենաշնորհներ եք սարքում: Գալիս ենք Թուրքիայից, որ գանք Հայաստան՝ վրացին չի էլ հարցնում, թե ի՞նչ ապրանք կա մեքենայում, միանգամից ավտոբուսը հետ են ուղարկում Թուրքիա: Քանի կար՝ 50 կգ էին թույլ տալիս, հիմա էլ սարքեցին 25 կգ, ասեցինք՝ ջհանդամ, թող այդպես լինի, իսկ հիմա վրացին արգելում է, որ գանք Հայաստան»,- ասում էին նրանք:
168.am-ի հետ զրույցում «Նար Տուր» ուղևորային բեռանափոխադրող ընկերության տնօրեն Նարեկ Հայրապետյանը հայտնեց, որ թվով 4 ավտոբուսների հարցը լուծվել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի շնորհիվ:
«Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը շատ օգնեց մեզ, շատ տեղեր զանգեց, անչափ շնորհակալ ենք: Պարզապես նրան ուշ ենք դիմել, երեք օր էր՝ մաքսատանն էինք մնացել: Իսկ խնդիրն այն էր, որ այս տարանցիկ ճանապարհով միշտ գնացել-եկել ենք, 15-20 տարի այսպես աշխատել ենք: Եղել է, որ փոստի մեքենաներից են հատկացրել, առևտրականները կարողացել են բարձել այդ 25 կգ ապրանքը, որոշակի գումար վճարել Վրաստանին ու տեղ հասնել: Հիմա ինչ-ինչ պատճառներով արգելք են դրել, փոստի մեքենա չեն տրամադրում:
Եթե այդպես լինի՝ Թուրքիա գնացող-եկող այդ հարյուրավոր ընտանիքները, որ ապրում են դրանով, կմնան գործազուրկ: Ստացվում է՝ արգելում են, ասում են՝ մի՛ գնացեք, մի՛ եկեք: Նոր օրենք են հնարել, չնայած ոչ մի թուղթ ցույց չեն էլ տալիս Բաթումի մաքսատանը: Հիմա 11 ավտոբուս անորոշ մնացել է Թուրքիայում, չգիտեն՝ ի՞նչ անեն, ո՞նց հետ գան: «Սադախլոյի» մաքսատանն էլ է խուճապ: Սա մեր հացի աղբյուրն է, գնում-գալիս, մի երկու բան ենք բերում»,- նշեց նա:
Հարցին՝ եղե՞լ է առաջարկ, որ ապրանքը բեռնատարներով բերեն, ոչ թե ավտոբուսներով, Նարեկ Հայրապետյանը պատասխանեց, որ իրենք դա էլ են առաջարկել:
«Բայց ոչ մի ձև չեն ցանկանում օժանդակել մեզ: Վրացական կողմը միայն հայկական ավտոբուսները չի ընդունում: Սիրուն ճանապարհում են Ադրբեջանի, Հունաստանի ավտոբուսները: Իսկ մեզ մոտ ընդամենը կրկնում են՝ «закон, закон, закон», սակայն ոչ մի թուղթ ցույց չեն տալիս: Այսօրվա դրությամբ 11 ավտոբուս, մոտ 600 մարդ անորոշ նստած է Թուրքիայում, չգիտեն՝ հետ գան, մնան, ի՞նչ անեն»: