fbpx
Զինված Ուժեր

Անպայման պիտի ինչ-որ սպառնալիք լինի, որ մենք մտածենք դրա դեմը առնենք. Գևորգ Պետրոսյան

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի օրենքում հեռացում կատարելու մասին մեր նախաձեռնությունը տևական ժամանակ քննարկումների առարկա է դարձել, ինչի հետ կապված բազմաթիվ առիթներ ունեցել ենք խոսելու, նաև այս բարձր ամբիոնից խոսել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը՝ կարևորելով այն հանգամանքը, որ 18 տարեկան երիտասարդները չափազանց անփորձ են մարտական հերթապահություն իրականացնելու համար»: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում ասաց ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Ըստ նախագծի՝ առաջարկվում է, որ զինվորները 12 ամիս զինծառայություն անցնելուց հետո, պատրաստվածություն, փորձառություն և հմտություններ ձեռք բերելուց հետո միայն անցնեն մարտական հերթապահության:

«Այս նախաձեռնության հետ կապված խնդրանքով դիմել են զինծառայողների ծնողները և հարազատները: Այս նախաձեռնությունն իր մեջ պարունակելու է միայն կանխարգելող միջոց, ուսումնասիրվել է միջազգային փորձը», – ասաց պատգամավորը:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հավելեց, որ խոսքը ոչ թե նրա մասին է, որ ևս 6 ամիս երկարացվի ուսումնական գործընթացը, այլ նրա մասին է, որ դեռևս փորձառություն չունեցող մեր երիտասարդները առաջնագծում չծառայեն: «Թող ծառայեն երկրորդ գծում, երրորդ գծում, ձեռք բերեն համապատասխան փորձառություն, հետո թող գնան առաջնագիծ մեկ տարի հետո», – նշեց պատգամավորը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը նշեց, որ, երբ, օրինակ, դժբախտաբար ավտոմեքենա է վթարի ենթարկվում, և զինծառայողներ են զոհվում, դա ուսուցման փոլի երկարացման հետ կապ չունի:

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց. «Վատ սովորություն է ձևավորվել. անպայման պիտի զոհ լինի, ինչ-որ սպառնալիք լինի արդեն իսկ արձանագրված, որ մենք մտածենք դրա դեմը առնենք: Անպայման պետք է մի քանի զինվոր մահանա, որ նոր մենք օրենք ընդունենք: Բա մեր խելամտությունն ինչու՞մ է կայանում, որ ընդունենք օրենքներ, որոնք ողջամտության սահմաններում կանխեն հնարավոր դեպքերը, ոչ թե անպայման գնա մեռի արի սիրեմ մոտեցումը շարունակենք»:

Քվեարկության արդյունքում ձայների 38 կողմ, 67 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ