Ալիևը 20 տարի է, ինչ իր քաղաքական զինանոցում մի անփոփոխ զինատեսակ ունի․ Սաֆարյան

Քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանը օգոստոսի 17-ին Facebook-ի իր էջում խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայքարի ռազմավարություններից մեկի մասին։

«Առնվազն 20 տարի կլինի, ինչ Ալիևի ռազմաքաղաքական զինանոցում մի զինատեսակ անփոփոխ է’ հայկական դիրքերի վրա կրակելն ու մարդկային կորուստ պատճառելը։

Եթե անգամ չունենա էլ դիրքային առաջխաղացման նպատակ (իսկ Գեղարքունիքում, Երասխում վերջերս նա այդպիսի փորձեր է կատարում), նա դա արել է, անում է ու անելու է առնվազն ասիմետրիկ կոնֆլիկտի լոգիկայով’ զոհերի ու վիրավորների միջոցով մեր քաղաքական կամքի վրա ազդելն իրեն ցանկալի որոշմանը հակելու համար։

Ուղղակի զարմանում ես, որ այսքան տարատեսակ ուսադիրներով ու կոչումներով զինվորական ունեցող երկրում մեկը չի եղել ու չկա թշնամու այդ ստրատեգիան ձախողող լուծումներ (ինժեներականից մինչև ռազմատեխնիկական) գտնելու առումով, որպեսզի այսքան կորուստ չունենանք։ Թող ոչ մեկ չասի, թե անլուծելի խնդիր է։

Մեր սահմանների անառիկությունն ու մեր դիրքապահների կյանքի անվտանգությունն ապահովելուց վեր որևէ առաջնահերթ խնդիր չկա, ծախսի գերակա ուղղություն չկա։ Իսկ ՀՀ քաղաքացին, և առաջին հերթին սահմանին ապրող, պետք է տեսնի, որ այդպիսի գերժամանակակից կահավորված դիրքեր են պաշտպանում իրեն», – նշել է Սաֆարյանը։

Ամենաթարմ