Ավելի քան 85.000 մարդու ԴՆԹ հետազոտության արդյունքում բացահայտվել է 47 գենետիկական գոտի, որոնք ազդում են քնի որակի և տևողության վրա:
Այդ գեներից մասնագետների ուշադրության կենտրոնում հայտնվել է 36-ը, որոնցից 26-ը պատասխանատու է քնի որակի և սերոտոնին հորմոնի արտադրման համար, իսկ մնացած 10-ը՝ քնի տևողության:
Հիշեցնենք, որ սերոտոնինը համարվում է երջանկության հորմոն, այն նաև նյարդային հաղորդիչ է, որի քանակով է պայմանավորված՝ քունը կլինի մակերեսայի՞ն, թե՞ խորը: Գիտնականներին հատկապես հետաքրքրել է PDE11A կոչվող գենը, որը ազդում է քնի և՛ որակի, և՛ տևողության վրա:
Մինչ այդ գիտնականներն արդեն առաջարկել էին PDE11A-ն՝ որպես բուժիչ միջոց, օգտագործել նյարդահոգեբանական այնպիսի խնդիրների դեպքում, որոնք ազդում են մարդու տրամադրության և սոցիալական վարքի վրա:
Ի դեպ` հետազոտության ժամանակ կամավորները պետք է մեկ շաբաթ կրեին աքսելերոմետրեր՝ գիշերային և ցերեկային ակտիվությունը ամրագրելու համար: Այդպիսով, արդյունքները մասնագետները համարում են ճշգրիտ: Գիտնականները նաև հիշեցնում են՝ քնի քանակը, որակը և քնի անցման տևողությունը պայմանավորված են նաև մի շարք գործոններով, այդ թվում՝ ճարպակալում, դիաբետ, հոգեբանական խնդիրներ: