fbpx
Հասարակություն

Անտառապահին հատուկ արտահագուստ պետք է տրվի. Փաշինյան

Անտառապահներին արտահագուստ տրամադրելու հարցը գործադիրն այսօր բավական երկար քննարկեց և ի վերջո հավանության արժանացրեց: Որոշումը ներկայացրեց բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը:

Գրիգորյանն առաջարկեց անտառային կոմիտեի խնայված միջոցներից 37,2 միլիոն դրամը փոխանցել Հայանտառ ՊՈԱԿ-ին, որպեսզի կանոնադրական խնդիրների լուծման նպատակով անտառապահներին հատուկ համազգեստ տրամադրվի, որը նախկինում չի տրամադրվել:

«Որոշակի առումով կտարբերակվի անատառապահը քաղաքացուց, որը գտնվում է անտառում», – ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն առարկեց, քանի որ դա, ըստ իրեն, ընթացիկ պարտավորություն ամրագրելուն է նմանվում.

«Ենթադրվում է, որ կառաջանա փոփոխման պարբերականություն և դրանից բխող հետևանքներ», – ասաց նա՝ նկատելով, որ չի բացառվում, որ օրենքով ամրագրվի՝ օրինակ անտառային ծառայության գնդապետի համազգեստ պետք է լինի:

«Ինչի գնդապետ, միանգամից գեներալ», – կատակեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն էլ զարմացավ, թե գումարն ինչու միանգամից բյուջե չի մուտք արվում և հետո ուղղվում համազգեստին, եթե այս տարի չեն հասցնել այն ձեռք բերել:

«Ամբողջ հարցն էն է, որ փողն ուզում է պահի, չի ուզում հետ տա, որ հետագայում օգտագործի, սա է ամբողջ պատմությունը», – ասաց ԱԻՆ պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը:

Էրիկ Գրիգորյանը չհամաձայնեց՝ նկատելով, որ եթե այդպես առաջնորդվեցին, ողջ տնտեսված գումարը կուղղեին համազգեստին, ոչ թե մի մասը:

«Միանաշակ է, որ անտառապահին հատուկ արտահագուստ պետք է տրվի, ինչ-որ առումով իրենք իրավապահ մարմին են», -ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ապա հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ