ՀՀ Ազգային ժողովը միաձայն վավերացրեց «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը:
Արձանագրությունը վավերացվեց 108 կողմ ձայնով:
Այն հունվարի 22-ի խորհրդարանի նիստում ներկայացրել էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն փոխանակելու մասին» արձանագրության մշակումը պայմանավորված է ԱՊՀ մասնակից պետությունների միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծման կարևորությամբ: Արձանագրությամբ նախատեսվում է, որ ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինները փոխանակում են իրավաբանական և ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ, ինչպես նաև մասնակից պետության տարածքում նշված անձանց անունով գրանցված գույքի առանձին տեսակների և գույքի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն»,-նշել էր Անանյանը:
Նախագծի համաձայն՝ արձանագրության արդիականությունը պայմանավորված է նրանով, որ ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների միջև հարկային հարցերով էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման իրականացումը լրացուցիչ գործիք կհանդիսանա ստվերային տնտեսության կրճատման և հարկումից խուսափելու համար:
Արձանագրության նպատակներից է ապահովել հարկային վարչարարության ոլորտում տնտեսական բարեփոխումների իրականացումը, ինչը հնարավորություն կընձեռի խուսափել կրկնակի հարկային պարտավորություններից, ինչպես նաև կասեցնել հարկային պարտավորություններից խուսափելու փորձերը:
Արձանագրության դրույթների կիրառումը կնպաստի նաև տվյալ ոլորտում տնտեսական փոխգործակցության թափանցելիության մակարդակի բարձրացմանը:
