Երևան

Մարությանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը, բացառել բացօթյա ապօրինի առևտուրը

Հուլիսի 12-ին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ Երևանի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացը:

«Քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ շուրջ 860 աղբամուղ է փակվել: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է հետևողական աշխատանք տանել բոլոր բազմահարկերում՝ ընդգծելով, որ միայն այս կերպ է հնարավոր շենքերում լուծել գարշահոտության, առնետների ու, առհասարակ, սանիտարական խնդիրները։

Ըստ աղբյուրի՝ այս օրերին ակտիվորեն ապամոնտաժվում են շրջիկ առևտրի չգրանցված կցորդները: «Համայնքի ուժերով արդեն իսկ ապամոնտաժվել է 30, տնտեսվարողների միջոցներով՝ 10 շարժական կետ: Հարկ է նշել, որ շրջիկ առևտրի կետերն արդեն այս տարվանից գործում են միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Պահանջը սահմանված է օրենքով, իսկ շրջիկ առևտրի համար հատուկ վայրերն ու չափորոշիչները՝ ավագանու որոշմամբ: Տնտեսվարողների համար ստեղծվել է հարմարավետ էլեկտրոնային հարթակ, որտեղ կարող են գրանցվել ու կազմակերպել իրենց բիզնեսը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում շարունակվում է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 22-ից մինչ օրս ապամոնտաժվել է 47 ինքնակամ կառույց: Շնորհակալություն հայտնելով ոստիկանությանը՝ գործուն աջակցության համար, քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների քանդման հարցում պայքարը լինելու է շարունակական:

Անդրադառնալով բացօթյա ապօրինի առևտրին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա ստուգայցերի միջոցով տեղերում ուժեղացնել հսկողությունն ու քայլեր ձեռնարկել երևույթը բացառելու ուղղությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ