2020 թվականի մայիսի 23-ին ուժի մեջ է մտել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Նույն օրն ուժի մեջ է մտել նաև նշված օրենքի հետ փոխկապակցված՝ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (ՀՕ-245-Ն), որի հիման վրա 2020 թվականի հունիսի 29-ից հուլիսի 1-ին տեղի են ունեցել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթները, հայտնում են ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված բաց մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած 25 դիմորդներից ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն էր ստացել յոթը, ովքեր Արդարադատության ակադեմիայում անցել են համապատասխան ուսումնառություն: Ուսումնառության ավարտից հետո ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կազմում նշանակվել է հինգ դատախազ:
Հիմք ընդունելով «Դատախազության մասին» օրենքի 38.1-րդ հոդվածի 4-րդ մասը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում առկա է երկու թափուր հաստիք՝ անհրաժեշտություն է առաջացել անցկացնել բաց մրցույթ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով։
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ կարող է նշանակվել «Դատախազության մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով նախատեսված պահանջները բավարարող և իրավաբանի մասնագիտական աշխատանքային առնվազն երկու տարվա փորձ ունեցող անձը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ա) դիմում՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի նախագահին (ձևը լրացվում է տեղում)․
բ) անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճենով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճենով)․
գ) բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթուղթ (օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության և դիպլոմների ճանաչելիության մասին, ինչպես նաև՝ օտարալեզու փաստաթղթի նոտարական կարգով հաստատված թարգմանությունը)՝ պատճենով․
դ) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ՝ իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ՝ կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները) (տե՛ս՝ Ծանոթություն 1).
ե) ինքնակենսագրություն.
զ) արական սեռի հավակնորդի համար՝ նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ` պատճենով․
է) դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին ՀՀ կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ (տե՛ս՝ Ծանոթություն 2)․
ը) իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ (եթե հավակնորդը իրավաբանական գիտությունների թեկնածու կամ դոկտոր է), իսկ «Դատախազության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում` նաև գիտական գործունեության առնվազն չորս տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով․
թ) տեղեկանք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից՝ միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ․
ժ) տեղեկանք ՀՀ դատական դեպարտամենտից` դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու վերաբերյալ.
ժա) մեկ լուսանկար՝ 3X4 չափսի․
ժբ) հավակնորդը կարող է ներկայացնել երաշխավորագրեր, որոնք, իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ ընտրության գործընթացում․
ժգ) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ: Հարցաթերթիկը լրացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել հղումով, իսկ հարցաթերթիկը լրացնելու կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, և հետևելով հարցաթերթիկի էլեկտրոնային լրացման ցուցումներին, լրացնել այն և տպված ու ամեն էջը ստորագրված տարբերակով ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն, իսկ դրա էլեկտրոնային ֆայլն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին կամ էլեկտրոնային կրիչով մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն: Հարցաթերթիկը լրացնելու հետ կապված հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ 012-77-77-28, 012-77-77-20:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2020թ. հոկտեմբերի 8-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 17:30-ը:
Մրցույթն անցկացվելու է 2020 թվականի հոկտեմբերի 14-ից Արդարադատության ակադեմիայի շենքում (ք. Երևան, Փիրումյանների 9):
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչությունը (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ.՝ 010-511-541, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]):
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար բաց մրցույթի անցկացման կարգը (այդ թվում՝ հարցաշարը) հասանելի է ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում հետևյալ հղումով։