Հոկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։
- Ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Ոստիկանությունում տեղի է ունեցել ամփոփիչ խորհրդակցություն
«Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ինքնաձիգի 150 փամփուշտ։ Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Մասիսի, Արտաշատի և Արարատի բաժիններում։ Մասնավորապես, Մասիսում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի, Արտաշատում՝ «Շմայսեր» ինքնաձիգի, Արարատում՝ «Կարաբինի»։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Մեծամորի և Վարդենիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Տարբեր տեսակի նռնակներն ու պայթուցիչները ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է Հաղարծինի բնակիչներից մեկը։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կրկին հորդորում ենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։