Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը «բավականին համոզիչ փաստարկ» է ներկայացրել ընկերության վրա չինական ապրանքների սակագների ազդեցության մասին՝ նշելով, որ իր գլխավոր մրցակից Samsung-ը արտադրանքի մեծ մասը թողարկում է Հարավային Կորեայում եւ մաքսատուրքեր վճարելու անհրաժեշտություն չունի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Fox News-ը:
Թրամփն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ չինական ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքերի սահմանումը կհետաձգի: Նոր 10-տոկոսանոց սակագները պետք է ուժի մեջ մտնեին սեպտեմբերի 1-ին եւ կազդեին iPhone-ի եւ iPad-ի վրա:
Թրամփը մայիսին բարձրացրել էր մոտ 200 մլդ դոլարի չինական ներմուծման մաքսատուրքերը՝ 10 տոկոսից մինչեւ 25 տոկոս, սակայն հետո Կանադայի եւ Մեքսիկայի համար հետաձգել էր պողպատի ու ալյումինի ներմուծման մաքսատուրքերի սահմանումը:
«Ես Թիմ Կուկի հետ շատ լավ հանդիպում եմ ունեցել,- ասել է Թրամփը: – Ես շատ եմ հարգում Թիմ Կուկին, եւ Թիմն ինձ հետ խոսել է մաքսատուրքերի մասին: Նա լավ օրինակ բերեց այն մասին, որ Samsung-ը իրենց թիվ մեկ միցակիցն է եւ մաքսատուրքեր չի վճարում, քանի որ բազավորված է Հարավային Կորեայում: Apple-ի համար դժվար է մաքսատուրքեր վճարել, եթե իրենք մրցակցում են շատ լավ ընկերության հետ, որը դա չի անում: Սա ծանրակշիռ փաստարկ է, ուստի ես այդ մասին մտածում եմ»:
