fbpx
Մարզեր

Արագածոտնի մարզպետն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի ներկայացուցիչներին

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են «RED-NEO» ծրագրի մանրամասները:

Ծրագրի նպատակն է աջակցել գյուղական փոքր բիզնեսներին, բացահայտել հավելյալ եկամտի հնարավորությունները և դրանք վերածել կայուն տնտեսական գործունեության, օգնել գյուղացիական տնտեսություններին շուկաներ մուտք գործելու միջոցով ավելացնել իրենց եկամուտները:

Ծրագրի թիրախային ուղղություններն են այգեգործությունը, պտղաբուծությունը, հատապտուղների մշակությունը, խաղողագործությունը, չրերի արտադրությունը, ջերմոցային և ջերմատնային գործունեությունը, արդյունավետ սորտեր աճեցնող տնկարանային տնտեսությունները, գյուղտեխնիկայի սպասարկումն ու նորոգումը, զբոսաշրջությունը և մեղվաբուծությունը:

Նախատեսվում է հանրապետության շահառու ճանաչված թվով 60 համայնքներին տրամադրել 100 դրամաշնորհներ:
Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի տրամադրվելու է մինչև 15.000 ԱՄՆ դոլարի աջակցություն, որը կրելու է բացառապես ապրանքային տեսք:

Շահառուների կողմից ներդրումը պետք է կազմի ծրագրի արժեքի 70 տոկոսը, որից 10 տոկոսը՝ գումարային տեսքով:

Մարզպետ Գևորգյանը ողջունել է նախաձեռնությունը, նշել է, որ կարևորում է գյուղատնտեսությունը զբաղվածությունից բիզնեսի վերածելուն ուղղված ծրագրերի իրականացումը: Միաժամանակ պատրաստակամություն է հայտնել օժանդակել թե’ համայնքների ընտրության, թե’ ծրագրի ընթացքի ու բարեհաջող իրականացման հարցում:
Շահառուների ընտրությունն իրականացվելու է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արագածոտնի մարզի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ