ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 6-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննության է առել ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ավելացված արժեքի հարկից ազատել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը մեր երկիր, ինչը կնպաստի դրանց թվաքանակի ավելացմանն ու մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցմանը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկություններ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ԱԱՀ-ից ազատել նաև էլեկտրական շարժիչով հեծանիվների և 12 ու ավելի նստատեղ ունեցող էլեկտրական շարժիչով ավտոբուսների ներկրումը:
Փոխնախարարը պարզաբանել է, որ այդ առաջարկությունն արդեն ներառված է գործող օրենքում:
Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են ներկայացրել օրենսդրական նախաձեռնությանը՝ ընդգրկելու այն հունիսի 7-ի ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում: