Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ավարտին մամուլի ասուլիս է տվել։
Անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին, նա հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն անկեղծ մթնոլորտում է անցել, եղել է քննարկում որոշակի պահանջների մասին:
«Հանդիպման ընթացքում խոսք է եղել որոշակի պահանջների մասին։ Այս պահանջների առնչությամբ թե՛ հատուկ ներկայացուցիչներին և թե արտաքին գործերի նախարարներին տվել ենք հանձնարարականներ։
Արտգործնախարարների հանդիպում կլինի, հատուկ ներկայացուցիչներինը՝ նույնպես։ Ապա, ըստ ստացված արդյունքի, կանենք մեր քայլը», – հայտնել է Էրդողանը։
Կրագրողները խնդրել են պարզաբանել «որոշակի պահանջները» արտահայտությունը և մանրամասնել, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանն ու երբ կկարգավորվեն 2 երկրների միջև հարաբերությունները:
Պատասխանելիս Էրդողանը կրկին հիշեցրել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների ու արտգործնախարարների կողմից տարվող աշխատանքների մասին ու նշել, որ այդ հանդիպումները հենց հարցերի պատասխանները գտնելու համար են:


