ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 11-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:
ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում Ամերիկայի հայկական համագումարի ներդրած նշանակալի ավանդը, ինչպես նաև երկարամյա հայրենանպաստ գործունեությունը: Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ համագումարն այսուհետ ևս կշարունակի ազգանվեր գործունեությունն ի նպաստ Հայաստանի և համայն հայության:
Էնթոնի Բարսամյանը ներկայացրել է Ամերիկայի հայկական համագումարի կողմից իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:
Կողմերն անդրադարձել են դինամիկ զարգացող հայ-ամերիկյան հարաբերություններին, դրանց ամրապնդման ու խորացման հնարավորություններին, համահայկական կարևորություն ունեցող խնդիրների լուծման հարցում համագումարի գործունեությանն ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ միջազգային կառույցներում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղիների վերաբերյալ: