Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների համաժողովում

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների չորրորդ համաժողովին: Արարատ Միրզոյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել ելույթով:

«Հարգելի պարոն Վոլոդին, հարգելի պարոն Մուն Հի Սան, հարգելի պարոն Նիգմատուլին, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Եվրասիական երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովին: Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի եւ Կորեայի խորհրդարանների ղեկավարներին՝ համաժողովը նախաձեռնելու համար, ինչպես նաեւ հատուկ շնորհակալություն հայտնել պարոն Նիգմատուլինին, ղազախական կողմին՝ ջերմ ընդունելության եւ ավանդական հյուրընկալության, ինչպես նաեւ միջոցառման հիանալի կազմակերպման համար:

Հարգելի գործընկերներ, այս ձեւաչափը եզակի է բազմաթիվ առումներով. նախ` աշխարհագրական ծածկույթով: Այս հարթակը մեզ հնարավորություն է տալիս քննարկելու ամենամեծ մայրցամաքի օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության հեռանկարները, ինչն իր հերթին նպաստում է ինտեգրացիոն նախագծերի հաջող զարգացմանը, առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը:

Պատմությունն ապացուցում է, որ սերտ համագործակցությունն ու մարդասիրական հարաբերությունները մարդկության համար խաղաղության եւ առաջընթացի հիմքն են:

Գաղտնիք չեմ բացահայտի, եթե նշեմ այն գլոբալ մարտահրավերները, որոնք առկա են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ եվրասիական տարածքում: Եվ այս խնդիրների լուծման բանալին շատ պարզ է եւ, միեւնույն ժամանակ, շատ բարդ՝ երկխոսություն, վստահություն եւ գործընկերություն: Հենց այս բանաձեւն է այն խնդիրները լուծելու ճանապարհը, որով մենք, հարգելի գործընկերներ, բախվում ենք բոլորս միասին եւ, բնականաբար, միայն համատեղ ջանքերով կկարողանանք լուծել այդ խնդիրները: Գլոբալ քաղաքականությունը շատ նման է մեգապոլիսի բազմակողմանի ավտոմոբիլային երթեւեկությանը, եւ միայն համակարգված գործողությունները թույլ կտան վարորդներին խուսափելու դժբախտ պատահարներից եւ հասնելու իրենց նպատակակետին՝ արտակարգ իրավիճակներ չստեղծելով ինչպես իրենց ուղեւորների, այնպես էլ այս երթեւեկության մյուս մասնակիցների համար», – նշել է ԱԺ նախագահը իր ելույթով:

Ելույթն ամբողջությամբ կարող եք կարդալ Ազգային ժողովի պաշտոնական կայքում: 

Ամենաթարմ