Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Արարատի» հետ պայմանագիր է ստորագրել 25-ամյա կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստը Բարձրագույն խմբում հանդես գալու հսկայական փորձ ունի։ Նա հասցրել է մասնակցել 190 հանդիպման և դարձել է 21 գոլի հեղինակ։
Առաքելյանը 2012-ից 2015 թվականներին խաղացել է «Միկայի» կազմում, իսկ 2015-ից մինչև նախորդ մրցաշրջանի ավարտը հանդես է եկել «Փյունիկում»։
«Արարատ» տեղափոխվելու որոշումը կայացրեցի այն բանից հետո, երբ զրուցեցի գլխավոր մարզչի և ակումբի ղեկավարության հետ և հասկացա, որ նրանք ցանկանում են, որ դառնամ թիմի մասնիկը։
Թիմին միանում եմ լավ ակնկալիքներով և կփորձեմ առավելագույնս օգտակար լինել, որպեսզի հասնենք հաջողության», – նշել է Առաքելյանը՝ «Արարատի» պայմանագիր ստորագրելուց հետո։
Ֆուտբոլիստը նաև 16 հանդիպում է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, մեկ անգամ էլ խաղադաշտ է դուրս եկել ազգային հավաքականի մարզաշապիկով։
