Հայաստանյան բուհերում Հայոց լեզվի, Հայ գրականության և Հայոց պատմության առարկաների դասավանդումը ոչ թե հանվելու է, այլ կրելու է հայեցողական բնույթ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խորհրդարանում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
Նախարար Հարությունյանը նշեց, որ հարցը քննարկվում է: Նրա խոսքով՝ դրանք ծրագրից չեն հանվում, խոսքը պարզապես դրանց պարտադիր ուսուցման բնույթի մասին է:
«Ընդհանուր տրամաբանությունն այն է, որ մեր աշակերտները 12-ամյա կրթության ժամանակ բավարար գիտելիք են ստանում և հայոց լեզվից, և հայ գրականությունից, և պատմությունից: Եվ, ըստ էության, ծրագրերի մեծ մասում դրանց կրկնությունը ազդում է մասնագիտական ծրագրի բովանդակության և որակի վրա»,-ասաց Հարությունյանը:
Նախարարն ընդգծեց, որ այդ հարցը վաղուց է քննարկվել: Բուհերն իրենց հայեցողությամբ կարող են այդ առարկաները ներառել ծրագրում: Արայիկ Հարությունյանը վստահություն հայտնեց, որ շատ բուհեր կներառեն, սակայն այդ առարկաների դասավանդումը պարտադիր բնույթ չի կրի:
«Հաճախ մասնագիտական ֆակուլտետներում դժգոհում են, որ ուսանողները շատ ավելի ժամանակ են կորցնում պարտադիր առարկաների վրա, որոնք անցնում են դպրոցներում և մասնագիտականին քիչ ժամանակ է մնում»,-ասաց Հարությունյանը։