Արցախի նախագահի խորհրդական, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու հարցում կառաջնորդվի հարազատ կուսակցության որոշմամբ։ Այս մասին նա ասաց Aysor.am-ի հետ զրույցում։
«2020 թվականի նախագահական ընտրություններին «Ազատ հայրանիքի» մասնակցության որոշումը կայացվելու է համագումարին, որովհետև դա համագումարի լիազորությունն է, Արայիկ Հարությունյանի լիազորությունը չէ։ Իսկ համագումարը, երևի, տեղի կունենա օգոստոսին կամ սեպտեմբերին։ Այդ ժամանակ «Ազատ հայրենիքը» պաշտոնապես կհայտարարի նախագահական ընտրությունների իր թեկնածուի մասին», – ասաց արցախցի պաշտոնյան։
Անձնապես պատրա՞ստ է ստանձնելու նման պատասխանատու պաշտոնը, եթե կուսակցությունն իրեն նախագահի թեկնածու առաջադրի։ Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ դա լինելու է կուսակցության դիրքորոշումը։
«Ես միանձնյա չեմ ղեկավարում այն։ Կուսակցությունն ունի ավելի քան 5 հազար անդամ, և այդ 5 հազար անդամի որոշումն ինձ համար պարտավորեցնող է լինելու։ Ես պատրաստակամ եմ իրացնելու հարազատ կուսակցության որոշումը։ Ես կուսակցության որոշմանն եմ ենթարկվելու», – ասաց Արայիկ Հարությունյանը։