Հայաստանի տարածքում ճանապարհային տուգանքների 9 բալանոց համակարգն առայժմ չի կիրառվի Արցախի քաղաքացի հանդիսացողների վրա: Այս մասին, ինչպես փոխանցում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը, հայտնել է Արցախի ՃՈ պետի տեղակալ Արմեն Հարությունյանը։
«Դա չի նշանակում, որ կարգազանցները չեն տուգանվի: Այս պահի դրությամբ Արցախի քաղաքացիների նկատմամբ այդ միավորները չեն կիրառվելու: Կան որոշակի խնդիրներ համակարգչային ծրագրի և օրենսդրության հետ կապված, որի շուրջ իրենք աշխատում են և շատ հնարավոր է, որ մոտակա օրերից դա կիրառվի նաև Արցախի քաղաքացիների նկատմամբ»,-պարզաբանել է նա:
ՃՈ պետի տեղակալը նաև նշեց, որ մինչև 10 կմ/ժամ արագությունը գերազանցելու դեպքում միավոր դուրս չի գալիս, սակայն ամեն մի կմ-ի համար սահմանված է հազար դրամ տուգանք։
«10-30 կմ/ժամ արագությունը գերազանցելու դեպքում նախատեսվում է 20 հազար դրամ տուգանք և հանվում է 2 միավոր: 30-50 կմ/ժամ արագությունը գերազանցելու դեպքում նախատեսվում է 25 հազար դրամ տուգանք և հանվում է 3 միավոր, իսկ 50-80 կմ/ժամ արագությունը գերազանցելու դեպքում նախատեսվում է 29 հազար դրամ տուգանք և հանվում է 3 միավոր: 80կմ/ժամը-ի դեպքում՝ վարորդը զրկվում է վարորդական իրավունքից»,-հավելեց նա։
Արմեն Հարությունյանը չի բացառել, որ սեպտեմբերից նաև Արցախում կներդրվի բալային համակարգը: