ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ հերթական ճեպազրույցում ընդգծել է, որ Արցախում շփման գծի ողջ երկայնքով պահպանվել է հրադադարը: Նոյեմբերի 14-ից սկսած՝ ռուսաստանցի խաղաղապահների աջակցությամբ Արցախ է վերադարձել մոտ 3000 արցախցի: Այսօր առավոտյան ռուսաստանցի խաղաղապահների աջակցությամբ Շուշիից Ֆիզուլի է հեռացել ադրբեջանցի զինվորականների տեղափոխող մոտ 5 մեքենա:
«ԼՂՀ տարածքում շարունակվում է խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի պահպանման ուղղությամբ խնդիրների կատարումը: Հյուսիսային և հարավային գոտիներում դա իրականացվում է շուրջօրյա: Իրավիճակի և կրակի դադարեցման ռեժիմի մոնիթորինգը ռուս խաղաղապահները իրականացնում են հսկիչ երեք կետերում: Կրակի դադարեցումը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների հսկողությամբ իրականացվում է բնակչության և քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով»,- նշել է Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ պայմանավորվածությունների համաձայն՝ շարունակվում է զոհված զինծառայողների աճյունների փոխանակումը ռուսաստանցի խաղաղապահների և Կարմիր խաչի համակարգմամբ: Նոյեմբերի 19-ին ռուսաստանցի խաղաղապահները ապահովել են ադրբեջանցի զինծառայողների տեղափոխող 5 մեքենաների անվտանգ տեղաշարժը Շուշիից դեպի Ֆիզուլի:
«Շարունակվում է ՌԴ ռազմատրանսպորտային օդանավերով ՌԴ խաղաղապահների անձնակազմի, ռազմատեխնիկայի և սարքավորումների, գույքի տեղափոխումը: Նոյեմբերի 10-ից իրականացվել է 206 չվերթ, այդ թվում՝ 22 չվերթ անցած մեկ օրվա ընթացքում»,- ասել է Իգոր Կոնաշենկովը: