Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին Արցախի Հանրապետության վերադարձը չի կարող այն փակուղի մտցնել:
Այս մասին մարտի 15-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե բանակցային ձևաչափի փոփոխությունն անընդունելի է:
«Մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի է տանելու, որովհետև մենք մնում ենք գործընթացի խաղաղ կարգավորմանը հավատարիմ: Սա շատ էական հարց է, մենք շատ վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ: Սա շատ սկզբունքային հարց է` ընդունելու, որ Լեռնային Ղարաբաղն ունի որոշիչ ձայն և ներգրավվածություն: Սա նորություն չէ, բայց դրան զուգահեռ, որպեսզի մենք արդյունավետ աշխատենք բանակցային գործընթացն առաջ տանելու ուղղությամբ, մեզ պետք է պրակտիկ առումով ընդունել, որ այդ որոշիչ ձայնի ու ներգրավվածության արտահայտումը պետք է: Մենք այսօր բանակցում ենք և՛ Լեռնային Ղարաբաղի հետ, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի հետ: Սա նախապայման չէ, և մենք ցանկանում ենք շարունակել քննարկել ու գտնել խնդիրների լուծումները»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը: