fbpx
Արցախ

Արցախը շրջափակվեց ուղիղ մեկ տարի առաջ

Արցախը շրջափակվեց ուղիղ մեկ տարի առաջ:

Մեկ տարի է անցել Արցախի շրջափակումից, որն ավարտվեց ադրբեջանական դավադիր հարձակմամբ, ինչը հանգեցրեց Արցախի ժողովրդի ամբողջական բռնի տեղահանմանը և նրանց հանդեպ ուժի գործադրմամբ ցեղասպանության։

Այսօր, երբ մենք հիշում ենք անցած մեկ տարին, մենք բարձրաձայնում ենք միասնական կոչ՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային համաձայնագրերի դրույթներով, որոնք նախատեսված են պաշտպանելու մարդու իրավունքները և արժանապատվությունը:

Մենք պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել հետևյալ կարևոր հարցերի վերաբերյալ.

-Ռազմագերիների ազատ արձակում և վերադարձ. Ադրբեջանը պետք է ազատ արձակի և վերադարձնի բոլոր ռազմագերիներին, այդ թվում՝ ապօրինի պահվողներին, Արցախի քաղաքական իշխանություններին՝ հաշվի առնելով միջազգային մարդասիրական իրավունքները:

Արցախի և Լաչինի (Բերձորի) միջանցքի ապաօկուպացում. օկուպացիոն ուժերի անհապաղ դուրսբերումը Արցախից և Լաչինի (Բերձորի) միջանցքից հրամայական է՝ տարածքային ամբողջականության և ինքնորոշման հարգման սկզբունքներին համահունչ, ինչպես ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ և ԵԱՀԿ ՄԽ ընդունած ու հրապարակած փաստաթղթերում։

-Արցախի տեղահանված քաղաքացիների անվտանգ վերադարձ. Արցախի տեղահանված քաղաքացիներին պետք է թույլ տրվի ապահով և անվտանգ վերադառնալ իրենց տուն։ Դա պետք է տեղի ունենա միջազգային խաղաղապահ ուժերի հսկողության և պաշտպանության ներքո՝ ապահովելով մարդկանց անվտանգությունը և կանխելու մարդու իրավունքների հետագա խախտումները:

-Արդարություն հանուն մարդկության դեմ հանցագործությունների. Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը պետք է պատասխանատվություն կրի այդ վայրագությունները կազմակերպելու և իրականացնելու համար՝ ներառյալ էթնիկ զտումները, սեփականազրկումը և ցեղասպանության իրագործումը շրջափակումով, ուժի սպառնալիքով և ուժի կիրառմամբ:

Հրամայական է ընդգծել, որ այս պահանջները հիմնված են ոչ միայն մեր բարոյական կողմնացույցի վրա, այլ ամուր արմատավորված են ՄԱԿ-ի կանոնադրության, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և միջազգային նախադեպերի սկզբունքների և դրույթների վրա: Պատմության նախադեպերը, որտեղ ցեղասպանական գործողությունները շտկվել են ապաօկուպացիայի, մեղավորներին պատժելու և բռնի տեղահանված բնակչության անվտանգ վերադարձի միջոցով, պետք է պահպանվեն առանց երկակի ստանդարտների կամ երկիմաստության:

Մենք՝ որպես արդարության և մարդու իրավունքների պահանջատերեր, ցույց ենք տվել միջազգային հանրությանը կենսունակ լուծումներ՝ ներառյալ միջանցքի բացումը, Արցախը ցեղասպանության կոնվենցիայի մեջ ներառելը և խաղաղապահների տեղակայումը։ Այնուամենայնիվ, միջազգային մարմինների զուտ հայտարարություններն ու արձանագրությունները բավարար չէին կանխելու մարդկության դեմ իրականացվող անդրադառնալի հանցագործությունները:

Մենք միջազգային հանրությանից պահանջում ենք վճռականորեն գործել և պահպանել այն արժեքները, որոնք նրանք պարտավորված են պաշտպանել: Հանցագործությունն իրականացրել է Ադրբեջանը։ Ադրբեջանին հանցակցել են Ռուսաստանն ու Թուրքիան։ ԵՄ-ի գործողությունները՝ պայմանավորված նրանց կարիքներով՝ նավթագազային պայմանագրերի ընդլայնումը, ինչում իր դերն ունի նաև ռուսական գազի արտահանումն Ադրբեջանով դեպի Եվրոպա, ակամա ուժ են տվել Ադրբեջանի սանձազերծություններին և անպատժելիությանը։

Մենք պահանջում ենք հետևողական դիրքորոշում ցուցաբերել նման գործողությունների դեմ և հավատարիմ լինել տարածաշրջանում խաղաղության և արդարության գործին: Եթե չլինի արդարություն, չի լինի նաև խաղաղություն։

Այլևս ժամանակ չունենք կորցնելու: Արդարության, մարդու իրավունքների և խաղաղության սկզբունքները պետք է գերակայեն։

«Բացում» քաղաքացիական նախաձեռնություն

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ