Ապրիլի 11-ի երեկոյան Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է ժայռին և շրջվել: Դեպքի հետևանքով 18 զինծառայող հոսպիտալացվել է Մեղրիի ԲԿ, որտեղ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Բաղրամյան» զորավարժարանում տեղի ունեցող հայ-ռուսական միացյալ զորախմբի վարժանքի ժամանակ որոշ մանրամասներ է հայտնել լրագրողներին վթարի հետ կապված:
Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ զինվորներին առաջնագիծ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից, քանի որ տեղանքը բավական բարդ է, և վթարի ռիսկ միշտ կա: Սակայն զինծառայողների վիճակը նորմալ է, միայն մեկ զինծառայողի հնարավոր է` վիրահատեն, սակայն վիճակը նորմալ է: