Իրավական
14:30 27/12/2019

Արդարադատության նախարարը՝ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի մասին

Որևէ անձ երաշխիք չունի, որ ինքը չի հետապնդվելու քրեական դատավարության սահմանված կարգով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի մասին հարցին։

«Մեր երկրում նայեք, թե քանի ներկա և նախկին պաշտոնատար անձ կա, որոնց մասով իրականացվում է քրեական հետապնդում։ Այսինքն՝ եթե կա կառուպցիոն գործ, անկախ նրանից թե դա ինչ զուգահեռներ տանելու հնարավորություն կընձեռի որոշ անձանց, բնականաբար քրեական գործերը պետք է քննվեն արդյունավետությամբ»,-նշեց նա։

Պնդմանը, թե Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը դիտարկվում է որպես ճնշում ՍԴ-ի վրա, Բադասյանն ասաց, որ եթե այսօր չառաջադրվեր մեղադրանք, այլ մեկ շաբաթ առաջ, կասեին քանի որ Աժ-ում քննարկվում է վաղ կենսաթոշակի մասին նախագիծը, դրա հետ է կապված։

«Եթե լիներ հունվարին, կասեին՝ այ քանի որ ուժի մեջ է մտել վաղ կենսաթշակի մասին օրենքը, դրա հետ է կապված, եթե վաղ կենսաթոշակի մասին օրենքը չլիներ, կասեին կապված է նրա հետ, որ վերահսկելի ՍԴ չունեն, այսինքն միշտ կարելի է զուգահեռներ տանել,բայց եթե նայենք քանի պաշտոնատար անձ է այսօր քրեական գործերով անցնում, ապա դրանք կարելի է որակել որպես շահարկումներ»,-ասաց նա։

Իսկ Սահմանադրական դատարանի թույլտվությամբ Հրայր Թովմասյանին քրեական հետապնդման ենթարկելու մասին հարցին Բադասյանն ասաց․ «Գործը չի վերաբերում դատավորի կարգավիճակից բխող գործողություններին, վերաբերում է պարոն Թովմասյանի՝ նախարար աշխատած ժամանակահատվածում ինչ-ինչ ենթադրյալ չարաշահումներին, այդ մասով ՍԴ-ի թույլտվությունը քրեական հետապդման մասով չի պահանջվում, ՍԴ դատավորը անձեռմխելիություն չունի»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ